Փաստաբանը՝ Բագրատ սրբազանին վերագրվող գրության մասին․ Ձեռագրաբանական փորձաքննություն չի եղել

Փաստաբանը՝ Բագրատ սրբազանին վերագրվող գրության մասին․ Ձեռագրաբանական փորձաքննություն չի եղել

14 ապրիլի 2026 – 13:50 AMT

PanARMENIAN.Net – «Սրբազան պայքար» շարժման գործով անցնող b>Բագրատ սրբազանին վերագրվող գրության ձեռագրաբանական փորձաքննություն չի եղել, հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Բագրատ սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլանի» թեմային, հայտնում է Sputnik Արմենիան:

«Արդարադատական կարգով կիսվում եմ մի փաստաթղթով, որը ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հայտարարել էր որպես Բագրատ սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլան։ Սկզբում, երբ արմատուրաների նկարներ էին հրապարակում, ՀՀ վարչապետը, ՔԿ նախագահը տարբեր ինֆորմացիաներով գրոհում էին հասարակությանը, բայց փաստաթուղթ չկար։ Մենք բարձր պաշտոններ զբաղեցնող իրավապահների հասցեին քննադատական խոսք հնչեցրինք, դրանից հետո հրապարակեցին փաստաթուղթ՝ իբրև Բագրատ սրբազանի ձեռքով գրված։ Հայտնեմ, որ խոցելի փաստեր պետք է լինեն ու առնվազն դատաձեռագրաբանական փորձաքննություն պետք է անցկացվեր։ Երբևէ նման փորձաքննություն չի նշանակվել»,- ասել է Խուդոյանը։

Նրա խոսքով՝ Բագրատ սրբազանի ձեռքով գրված ցանկացած նյութ հնարավոր է համեմատել հրապարակված փաստաթղթի հետ, և նույնիսկ ոչ մասնագետի համար պարզ կլինի, որ այն չի համընկնում նրա ձեռագրի հետ։

Պաշտպաններից Տաթևիկ Սողոյանը ևս նշել է, որ փաստաթուղթը կազմված է անգլերենով, և իրենք դիտավորյալ չեն թարգմանել այն՝ ապահովելու համար թե՛ ձեռագրի, թե՛ բովանդակության ընկալելիությունը։

«Այստեղ նշվում են աշխարհաքաղաքական այնպիսի խաղացողներ, որոնք պետք է ներգրավված լինեին այս գործընթացում, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը, Կիպրոսը, Իսպանիան։ Փաստաթղթի մի հատվածում էլ գրված է, թե պետք է ներթափանցեին թշնամի երկիր ու 150,000-200,000 քաղաքացիական անձ գերի վերցնեին։ Մենք ուզում ենք ցույց տալ նմանտիպ փաստաթղթերի բովանդակության անհեթեթությունը, ու սա խուզարկությամբ հայտնաբերվել է Բագրատ սրբազանի կեցավայրից։ Խուզարկությամբ»,- ասել է Սողոյանը։

Նա հիշեցրել է, որ «Սրբազան պայքար» շարժման ընթացքում, երբ շրջել են Հայաստանի մարզերի ճանապարհներով, բազմաթիվ քաղաքացիներ են մոտեցել Բագրատ արքեպիսկոպոսին և փոխանցել տարբեր գրություններ՝ ներկայացնելով իրենց պատկերացրած փրկության ծրագրերը, որոնք պարզապես հավաքվել և պահվել են։

Ըստ ՔԿ-ի՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Leave a Comment