Ֆլորիդայի դատարանը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի 10 մլրդ դոլարի հայցը Wall Street Journal թերթի դեմ։
Թրամփը թերթին մեղադրել էր զրպարտության մեջ՝ հոդվածի համար, որտեղ խոսվում էր նրա կապերի մասին մահացած ֆինանսիստ և դատապարտված մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի հետ։
Շրջանային դատավոր Դարրին Գեյլսը հայտարարել է, որ Թրամփը իր հայցում «նույնիսկ մոտավորապես չի ցույց տվել», որ թերթը գործել է իր դեմ չարամիտ մտադրությամբ, ինչը ԱՄՆ-ում զրպարտչության մեղադրանք առաջադրելու համար պարտադիր պայման է։
Դատավորը Թրամփին ժամանակ է տվել մինչև ապրիլի 27-ը՝ հայցը վերաձևակերպելու և նորից ներկայացնելու համար։ Թրամփի փաստաբաններից մեկը BBC-ին ասել է, որ նրանք հենց այդպես էլ կանեն։
«Նախագահը կշարունակի պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր զբաղվում են կեղծ լուրերով և ապատեղեկատվությամբ ամերիկյան ժողովրդին»,- հայտարարել է փաստաբանը։
Դոնալդ Թրամփը հայց էր ներկայացրել Wall Street Journal-ի, նրա սեփականատեր News Corporation ընկերության և կորպորացիայի ղեկավար Ռուպերտ Մերդոքի դեմ՝ անցյալ տարվա հուլիսի 17-ի հոդվածի պատճառով։ Հոդվածում նշվում էր, որ 2003 թվականին Էփշտեյնի ծննդյան օրվա առթիվ պատրաստված ալբոմում եղել է նաև Թրամփի շնորհավորական գրառումը։
Թերթի համաձայն՝ գրառումը գրված էր մերկ կնոջ մարմնի նկարի վրա։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա կեղծիք է և ինքը երբեք ոչ մի շնորհավորական չի գրել Էփշտեյնին։
Թրամփը չի հերքում, որ ավելի քան 10 տարի ընկերություն է արել Էփշտեյնի հետ, բայց պնդում է, որ վիճաբանել է նրա հետ դեռ 2000-ականների սկզբին։
