Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը Եվրոպական միությունում Ուկրաինային աջակցելու հարցում համարվում էր գլխավոր ընդդիմախոսներից մեկը, կիրակի օրը պարտություն կրեց ընտրություններում՝ զիջելով իշխանությունը։ Ընտրողները ռեկորդային ակտիվությամբ աջակցել են եվրոպամետ ուղղությանը, որի առաջատարն էր աջակենտրոն քաղաքական գործիչ Պետեր Մադյարը։
62-ամյա Օրբանը մինչ այդ ապավինում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպական մի շարք աջակողմյան առաջնորդների աջակցությանը։ Սակայն նախնական արդյունքները վկայում են, որ նրա ղեկավարած «Ֆիդես» կուսակցությունը պարտություն է կրել Մադյարի «Տիսա» կուսակցությունից։ Պարտության հիմնական պատճառներից մեկը համարվում է երկրի տնտեսության երկարատև ստագնացիան։
Օրբանը, որը Սառը պատերազմի տարիներին աչքի էր ընկնում որպես ակտիվ հակակոմունիստ երիտասարդ առաջնորդ և հետագայում դարձավ Եվրոպական միության ամենաերկար պաշտոնավարած ղեկավարներից մեկը, իր կողմնակիցների համար հայրենասեր գործիչ է։ Սակայն թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում քննադատները նրան մեղադրում են Հունգարիան ավտորիտար ուղղությամբ տանելու մեջ։
Նա ծնվել է 1963 թվականին՝ Բուդապեշտից արևմուտք գտնվող բնակավայրում, ստացել է իրավաբանական կրթություն, որոշ ժամանակ ուսանել է քաղաքական փիլիսոփայություն Օքսֆորդում և զբաղվել կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլով, մինչև 1998 թվականին՝ 35 տարեկանում, առաջին անգամ ընտրվել է վարչապետ։
Օրբանի կառավարման ընթացքում Հունգարիան միացել է ՆԱՏՕ-ին, սակայն 2002 թվականին նա կորցրել է իշխանությունը։ Ութ տարի ընդդիմությունում անցկացնելուց հետո 2010 թվականին նա վերադարձել է իշխանության՝ համոզիչ հաղթանակով, ինչը հնարավորություն է տվել վերանայել երկրի սահմանադրությունը և նախաձեռնել լայնածավալ օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված «ոչ լիբերալ ժողովրդավարության» կառուցմանը։
Գործադիր իշխանության ամրապնդումը, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների աճը, ինչպես նաև դատական համակարգի անկախության թուլացումը հանգեցրել են Եվրոպական միության հետ լարված հարաբերությունների։ Այդ հակասությունների գագաթնակետը դարձավ Հունգարիայի համար նախատեսված միլիարդավոր եվրոների ֆինանսավորման սառեցումը։
Սակայն վերջին ընտրությունների արդյունքները կտրուկ փոխեցին իրավիճակը։ Նախնական տվյալներով՝ «Տիսա» կուսակցությունը կարող է ստանալ խորհրդարանական մեծամասնություն, ինչը հնարավորություն կտա վերանայել Օրբանի իրականացրած վիճահարույց բարեփոխումները։
Պարտությունը ընդունելով՝ Օրբանը հայտարարել է.
«Դեռ պարզ չէ, թե այս ընտրությունների արդյունքները ինչ նշանակություն կունենան մեր երկրի և ազգի ապագայի համար։ Ժամանակը ցույց կտա։ Սակայն անկախ զարգացումներից՝ մենք շարունակելու ենք ծառայել մեր հայրենիքին և ժողովրդին՝ արդեն ընդդիմության կարգավիճակում»։
Նախկինում Օրբանը համոզիչ հաղթանակներ էր տարել 2014, 2018 և 2022 թվականների ընտրություններում՝ վայելելով նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի, Ֆրանսիայի աջակողմյան քաղաքական գործիչ Մարին Լը Պենի և Գերմանիայի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելի աջակցությունը։
Օրբանին աջակցել էր նաև Թրամփը՝ ընդգծելով, որ իրենց ղեկավարության պայմաններում ամերիկա-հունգարական հարաբերությունները հասել են «նոր բարձր մակարդակի»՝ նախորդ տարիների լարվածությունից հետո։
Օրբանը պահպանել է սերտ հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ որպես էներգակիրների կարևոր մատակարարի, ինչպես նաև Չինաստանի հետ, որի ընկերությունները ներդրումներ են իրականացնում Հունգարիայում՝ հատկապես էլեկտրոմոբիլների և մարտկոցների արտադրության ոլորտում։
Նախընտրական շրջանում նա ընտրությունները ներկայացնում էր որպես «պատերազմի և խաղաղության միջև ընտրություն»՝ պնդելով, թե «Տիսա»-ն կարող է Հունգարիան ներգրավել Ուկրաինայի պատերազմում։ Սակայն այդ պնդումները կտրականապես հերքվել են կուսակցության կողմից։
Օրբանը բազմիցս հակասությունների մեջ է մտել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և բողոքներ առաջացրել ԵՄ գործընկերների շրջանում՝ արգելափակելով Կիևին նախատեսված շուրջ 90 միլիարդ եվրոյի օգնության փաթեթը։
Միևնույն ժամանակ, սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ ընտրողների համար առաջնային են ներքին խնդիրները՝ առողջապահական համակարգի վիճակը և տնտեսության երեք տարի շարունակվող անկումը։ 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո, Հունգարիայում արձանագրվել է Եվրոպական միության ամենաբարձր գնաճը, ինչի հետևանքով սննդամթերքի գները մոտեցել են եվրոպական միջին մակարդակին, մինչդեռ աշխատավարձերը շարունակում են մնալ ԵՄ ամենացածրերից։
Չնայած ընտանիքների աջակցմանն ուղղված ծրագրերին՝ ներառյալ արտոնյալ վարկերը և հարկային զեղչերը, Օրբանը, ըստ ամենայնի, կորցրել է հատկապես երիտասարդ ընտրողների աջակցությունը՝ իր քաղաքական դիրքորոշումների ավելի աջակողմյան կտրուկ շեշտադրման հետևանքով։
