Միջազգային հանրությունը սպասում է այսօր Պակիստանում սպասվող Իրան-ԱՄՆ բանակցությունների արդյունքներին։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արդեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում է, ավելի վաղ Պակիստանի մայրաքաղաքում վայրէջք էր կատարել Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ինքնաթիռը: Ի դեպ, ըստ մի շարք հրապարակումների, Պակիստանը խնդրել է Վաշինգտոնին Իրանի հետ բանակցություններում ներգրավել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, քանի որ հակամարտության նկատմամբ նրա նախկին առարկությունները նրան ավելի ընդունելի են դարձրել Իսլամաբադի համար։
Իսկ Իրանի 86-հոգանոց պատվիրակությունն Իսլամաբադ է մեկնել խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ։ Հիմնական բանակցային թիմում է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պատվիրակությանն ուղեկցում են փորձագիտական խմբեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անվտանգության աշխատակիցներ։
Ղալիբաֆը սոցցանցի իր էջում «Այս թռիչքի իմ ուղեկիցները» գրությամբ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Իրանի պատվիրակության ինքնաթիռում դրված են եղել Մինաբի դպրոցում զոհված աշակերտների լուսանկարները։ Իրանական Tasnim գործակալությունը հայտնում է, որ իրանական կողմն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում սպասվող բանակցությունները կտևեն ընդամենը մեկ օր։ Գործակալությունը հերքում է ամերիկյան լրատվամիջոցների այն լուրերը, թե հանդիպումը մի քանի օր կտևի։ Ըստ նախնական ծրագրի՝ եթե բանակցությունները կայանան, կողմերը կավարտեն դրանք հենց նույն օրը։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, թե Թեհրանը համապատասխանաբար կպատասխանի, եթե Վաշինգտոնը խաբի երկրին Իսլամաբադում կայանալիք բանակցությունների ժամանակ։
«Ամերիկացիների հետ բանակցությունների մեր փորձը միշտ ավարտվել է ձախողմամբ և պայմանագրի խախտմամբ։ Սակայն ներկայիս պատերազմում մենք նրանց ցույց ենք տվել, որ, եթե նրանք ցանկանում են բանակցություններն օգտագործել ապարդյուն արտաքին տեսքի և խաբեության համար, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր իրավունքները՝ հավատալով Աստծուն և ապավինելով մեր ժողովրդի ուժին»,- նրա խոսքերը Telegram ալիքում մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։ Ղալիբաֆը նաև հավելել է, որ իրանական կողմը բարի մտադրություններ ունի, բայց չի վստահում Միացյալ Նահանգներին։ Խորհրդարանի խոսնակի խոսքով՝ եթե ամերիկյան կողմը պատրաստ լինի կնքել համաձայնագիր, որը հաշվի կառնի Իրանի ժողովրդի իրավունքները, Թեհրանը կաջակցի դրան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսն էլ հույս է հայտնել, թե բանակցությունները դրական կլինեն։ Միջազգային, այդ թվում՝ արևմտյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումների ֆոնին, թե Թրամփն է հրադադար խնդրել Իրանից մարտի 20-ից, ամերիկյան կողմի հաշվարկներն են, որ ձախողվել են, ԱՄՆ ծրագիրն է, որ չի հաջողվել, Թրամփն այնուամենայնիվ հրապարակային դաշտում շարունակում է Իրանին սպառնալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանը «հաղթաթղթեր չունի», բացի միջազգային ծովային ուղիների միջոցով աշխարհին կարճաժամկետ շանտաժի ենթարկելուց։ «Այսօր նրանք ողջ են միայն բանակցությունների համար»,- գրել է Թրամփը սոցիալական ցանցում։
168.am–ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ առկա քաղաքական կոնյունկտուրան թույլ չի տալիս լավատեսական մեծ ակնկալիքներ ունենալ բանակցությունների արդյունքներից։
Նրա խոսքով, չնայած երկշաբաթյա հրադադարի հաստատմանը, որն ինքնին դրական ազդակ էր, կողմերի միջև առկա հակասությունները կրում են ոչ թե մակերեսային, այլ հիմնարար-ստրատեգիական բնույթ։
«Բանակցային սեղանի շուրջ են երկու տրամագծորեն հակառակ տեսլականներ։ Վաշինգտոնը տրամադրված է իրացնել «առավելագույն ճնշման» քաղաքականություն, թեև Վենսն այդ բանակցություններում ընդգրկվել է, որպեսզի հնարավոր լինի արդյունք գրանցել, այնուամենայնիվ ԱՄՆ նախագահը հրապարակային պահանջներ է հնչեցնում՝ Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի կասեցում, Հորմուզի նեղուցի անվերապահ ապաշրջափակում և Թեհրանի ազդեցության չեզոքացում տարածաշրջանում։ Մյուս կողմից, Թեհրանը ներկայացրել է իր 10 կետանոց պլանը, որը ոչ թե զիջում է, այլ՝ պահանջատիրություն, և այն, Վաշինգտոնը, հայտարարվում է, որ ընդունել է։ Իրանը ոչ միայն պահանջում է պատժամիջոցների լիակատար վերացում, այլև բարձրացնում է պատերազմի վնասների փոխհատուցման և տարածաշրջանից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը։ Սա վկայում է այն մասին, որ Իրանը պատրաստ չէ զիջման՝ հատկապես զգալով ԱՄՆ-ի կողմից ծրագրերին հասնելու բարդությունը։ Բանակցություններն ընթանում են փոխադարձ սպառնալիքների ֆոնին, ցանկացած զիջում կողմերից յուրաքանչյուրի ներքին լսարանի համար կարող է ընկալվել որպես կապիտուլյացիա, որևէ կողմ չի ցանկանում դա և չի ընդունում նման օրակարգ»,-
մեկնաբանեց Խրամչիխինը։
Ամենահավանական սցենարը, նրա խոսքով, որին կարող են հանգել կողմերը, «փոքր քայլերի» մարտավարությունն է կամ, լավագույն դեպքում, հրադադարի ժամանակավոր երկարաձգումը։ «Հնարավոր է նաև մասնակի համաձայնություն Հորմուզի նեղուցով նավթի տարանցման անվտանգության վերաբերյալ, քանի որ դա բխում է՝ ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ՝ կողմերի շահերից»,- ասաց նա։
Խրամչիխինը գտնում է, որ Իրանի հնարավոր ռազմավարական հաջողությունը կամ դիրքերի ամրապնդումն ուղղակիորեն պրոյեկտվելու է Հարավային Կովկասում նրա վարած քաղաքականության վրա։
Նրա որակմամբ, տարածաշրջանային գործընթացներում սեփական շահերն առաջ մղելու հարցում Թեհրանի դիրքորոշումը կարող է դառնալ ավելի անզիջում։
Վերլուծաբանի կարծիքով, ԱՄՆ ազդեցության ամրապնդումը Հարավային Կովկասում կբարդանա Իրանի ջանքերի հետևանքով։
«Թեհրանի համար Հարավային Կովկասը դիտարկվում է՝ որպես անվտանգության արտաքին օղակ, և մերձավորարևելյան ճակատում ձեռք բերված ցանկացած առավելություն միանշանակ օգտագործվելու է աշխարհաքաղաքական շրջափակման փորձերը ձախողելու համար»,- ասաց նա։