Եղիսաբեթ II թագուհին՝ որպես ոճի խորհրդանիշ

Եղիսաբեթ II թագուհին՝ որպես ոճի խորհրդանիշ

Մեծ Բրիտանիայում նշել են Եղիսաբեթ II թագուհու ծննդյան 100-ամյակը՝ նրան ներկայացնելով ոչ միայն որպես պատմական միապետի, այլև ոճի իսկական խորհրդանիշի։ Այդ առիթով Բուքինգհեմյան պալատի «King’s Gallery» թանգարանային սրահում բացվել է հատուկ ցուցահանդես, որտեղ ներկայացված են թագուհուն պատկանող շուրջ 300 զգեստ և նորաձևության պարագաներ։ Թագուհին հաճախ էր ասում. «Միապետը պետք է տեսանելի լինի, որպեսզի մարդիկ հավատան նրան»։ Այդ պատճառով նույնիսկ անձրևոտ եղանակին նա ընտրում էր թափանցիկ պլաստիկ անձրևանոց, որպեսզի սովորական հովանոցը չփակի իրեն մարդկանց հայացքից։ Այդ յուրահատուկ անձրևանոցը նույնպես ընդգրկված է ցուցահանդեսում։

Օլիմպիական հիշարժան պահը

Ցուցադրության ամենահետաքրքիր նմուշներից մեկը 2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ օգտագործված զգեստն է։ Այդ օրը 86-ամյա թագուհին, հումորային տեսահոլովակում Ջեյմս Բոնդի հետ «օդապարիկով իջնելով» մարզադաշտ, զարմացրեց աշխարհին։ Ջեյմս Բոնդի դերում հանդես էր գալիս դերասան Դենիել Քրեյգը։ Ցուցահանդեսում ներկայացված են երկու նույնական զգեստներ. մեկը՝ թագուհու, մյուսը՝ նրա դուբլյորի համար, որի հագուստի մեջ հատուկ մեծ կայծակաճարմանդ էր ավելացված՝ օդապարիկի ամրակների համար։

Նորաձևությունը՝ որպես դիվանագիտություն

Ցուցադրությունը բացահայտում է, թե ինչպես էր թագուհին օգտագործում նորաձևությունը որպես հաղորդակցության և դիվանագիտության միջոց։ Օրինակ՝ 1961 թվականին Պակիստան կատարած պետական այցի ժամանակ նա կրել էր կանաչ և սպիտակ գույներով զգեստ՝ այդպիսով հարգանք մատուցելով տվյալ երկրի ազգային դրոշի գույներին։

Թագուհու առօրյա հագուստը

Ցուցադրությունում տեղ են գտել նաև թագուհու ավելի սովորական հագուստները․ թվիդե կոստյումներ, որոնք նա կրում էր Բալմորալ ամրոցում հանգստանալիս, ձիավարության և զբոսանքի հանդերձանք, ինչպես նաև բրդյա վերարկուներ, որոնցից մի քանիսի հեղինակը դիզայներ Անժելա Քելլին է։

Մանկության հուզիչ հուշ

Ամենահուզիչ նմուշներից մեկը փոքրիկ փերիի զգեստն է, որը թագուհին կրել է մանկության տարիներին։ Այս հագուստը հիշեցնում է, որ ապագա հզոր միապետը մի ժամանակ պարզապես փոքրիկ աղջիկ էր։ «Queen Elizabeth II: Her Life in Style» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 18-ը՝ ներկայացնելով թագուհու կյանքը ոչ միայն որպես պատմություն, այլև որպես նորաձևության ու մշակութային ազդեցիկ ժառանգություն։

Leave a Comment