Արվեստի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի բազմաժանր միջոցառումներով

Արվեստի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի բազմաժանր միջոցառումներով

11 ապրիլի 2026 – 10:40 AMT

PanARMENIAN.Net – Ապրիլի 15-ը աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր, որի շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում կանցկացվեն բազմաժանր մշակութային միջոցառումներ։

Նախատեսված են համերգներ, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ցուցադրություններ, բացօթյա արվեստի ակցիաներ, ինտերակտիվ ծրագրեր և այլ ստեղծագործական նախաձեռնություններ։ Ծրագրին արդեն իսկ ներգրավվել են մի շարք մշակութային և կրթական հաստատություններ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Երևանում 12:00–14:00-ին իրականացվելու է «Պահի տպավորությունը՝ պատկեր» մշակութային նախագիծը Նկարիչների միությանը հարող տարածքում։ 12:00–15:00-ին Կասկադ համալիրում անցկացվելու է «Արվեստը քաղաքում» նախաձեռնությունը՝ ներառելով կերպարվեստ, երաժշտություն և պար։ 13:00-ին «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանում տեղի է ունենալու մշակութային պերֆորմանս։ 14:30–17:00-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվելու է միմերի միջոցով պատկերների և շարժումների ներկայացում, իսկ 14:00–15:00-ին նույն մետրոյի կայարանում ներկայացվելու է մնջախաղային էտյուդ։

15:00–17:00-ին Նկարիչների միության տարածքում անցկացվելու է «CITY OF US» ինտերակտիվ արվեստի նախագիծը։ Նույն ժամերին և նաև 17:30–19:30-ին Գեղագիտական արվեստի կենտրոնի մանկական արվեստի թանգարանում իրականացվելու է «Օդապարուկի նկարազարդում» նախաձեռնությունը։ 16:00-ին մեկնարկելու է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը։ 19:00-ին Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դահլիճում ներկայացվելու է մնջախաղի ներկայացում, իսկ նույն ժամին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու բարոկո և ռոմանտիկ երաժշտության համերգ։

Արտաշատում միջոցառումները նույնպես ընդգրկել են արվեստի տարբեր ձևեր։ 11:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում նկարչական խմբերը պատկերելու են թատրոնի շենքը և եկեղեցին, ինչպես նաև նախասրահում ներկայացվելու են թատրոնի տիկնիկային ներկայացումների կերպարներն ու դերասանները։ 14:00-ին Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի փոքր դահլիճում ելույթ են ունենալու երգի և պարի համույթներ։ Ներկայացվելու են «Նոր գույներ» պարային համույթի «Իշխանաց» և «Նազ պար» կատարումները՝ Մանսուրյանի երաժշտությամբ, ինչպես նաև Նազ-Նար ազգագրական երգի համույթի «Իմ Հայաստան» և «Սիրտս քոնն է Հայաստան» ստեղծագործությունները։ Ասմունքով հանդես է գալու դերասանուհի Լաուրա Ստեփանյանը՝ ներկայացնելով Պ. Սևակի «Հենց այնպես» ստեղծագործությունը։

Վանաձորում 16:00-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվելու է «Անուշ» մյուզիքլը՝ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ-մասնագիտական արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։

Leave a Comment