«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արման Գրիգորյանն է։
Օրերս Իրանը երկշաբաթյա հրադադարի համաձայնության հասավ Միացյալ Նահանգների հետ, իսկ Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կսկսվեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ապրիլի 10-ին՝ Թեհրանի 10 կետանոց առաջարկի հիման վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս ծրագիրն անվանել էր «աշխատանքային հիմք» բանակցությունների համար և հայտարարել երկշաբաթյա հրադադարի մասին:
Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել էր 10 կետից բաղկացած ծրագիրը։
- Չհարձակման պարտավորություն։
- Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողության շարունակություն։
- Ուրանի հարստացման ընդունում։
- Բոլոր առաջնային պատժամիջոցների վերացում։
- Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում։
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում։
- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարման խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում։
- Իրանի համար փոխհատուցումների վճարում։
- Ամերիկյան մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից։
- Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում (պատերազմի լիակատար ավարտ Իրաքում, Լիբանանում և Եմենում)։
Կարճ ժամանակ անց, սակայն, Իսրայելը ծանր հարվածներ հասցրեց Լիբանանին` խախտելով հրադադարը: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարեց, որ Իսրայելի կողմից Լիբանանին ուղղված հարվածները խախտում են Միացյալ Նահանգների հետ կնքված հրադադարի համաձայնագիրը և սպառնում բանակցություններն անիմաստ դարձնել։
Միևնույն ժամանակ, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Լիբանանը Միացյալ Նահանգների հետ երկշաբաթյա հրադադարի անբաժանելի մասն է կազմում՝ զգուշացնելով, որ խախտումները հետևանքներ կունենան։ «Լիբանանը և ամբողջ դիմադրության առանցքը, որպես Իրանի դաշնակիցներ, հրադադարի անբաժանելի մասն են կազմում»,- ասել էր Ղալիբաֆը X-ում գրառման մեջ։ «Հրադադարի խախտումները ենթադրում են ակնհայտ գին և ՀԶՈՐ պատասխաններ»,- հավելել էր նա։ Այս մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Իսրայելն անցյալ ամիս «Հըզբոլլահ»-ի հետ հակամարտության սկսվելուց ի վեր Լիբանանում իրականացրեց իր ամենածանր հարվածները, որոնց հետևանքով չորեքշաբթի օրը զոհվել են ավելի քան հարյուրավոր մարդիկ։
Արման Գրիգորյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Ցավոք, զինադադար չկա։ Դա շատ կարճ տևեց։ Իհարկե, չի կարելի նսեմացնել այն փաստը, որ Թրամփը հավանություն տվեց Իրանի առաջարկած 10 կետերին, Հորմուզի նեղուցը բացվեց, բայց դա շատ արագ հարվածի տակ դրվեց Իսրայելի կողմից Լիբանանում՝ ԱՄԷ-ի օգնությամբ։ Զինադադարի կետերից մեկը նաև Լիբանանին էր վերաբերում, որն էլ հենց խախտեց Իսրայելը։
- Իրանին պարտություն գուժողներին մի հարց տամ՝ երբ նայում եք այն 10 կետերին, որ Իրանը ներկայացրել էր բանակցությունների գնալու համար որպես հիմք, տեսնում եք, որ դա կապիտուլացված երկրի մասի՞ն է։ Դրանցում ավելի շատ ԱՄՆ–ի կապիտուլյացիան էր ամրագրված, քան Իրանի։
- Իմ խորին համոզմամբ՝ այս կետերը, փոքրիկ խմբագրմամբ, Իրանը սեղանին էր դրել պատերազմն սկսվելուց անմիջապես հետո, և ԱՄՆ-ը հասկացավ, որ այլ ելք չկա, քան այն ընդունելը։ Թրամփը դիմեց ինտենսիվ PR-ին՝ հայտարարելով միջուկային սպառնալիքի մասին, ապա դրան չգնալը պայմանավորելով որպես իրենց ուլտիմատման պատասխան՝ Իրանի զիջումներով։ Նորից եմ կրկնում, նայե՛ք այդ 10 կետերին։
- Հստակ էր՝ իր դաշնակիցներին Իրանը մենակ չէր թողնելու, սեպարատ բանակցությունների չէր գնալու։ Ակնհայտ էր նաև, որ այդ 10 կետերից մեկը հենց Լիբանանի մասին էր։
- Իրանում շատ լավ հասկանում են, որ առանց երաշխիքների որևէ զինադադարի գնալն իմաստ չունի, որովհետև հնարավոր է՝ ԱՄՆ-ը նոր հարձակումից առաջ ժամանակ շահելու խնդիր կարող է այդպես լուծել։ Իրանի ռազմաստրատեգիական վիճակը շատ ավելի բարվոք է, քան ԱՄՆ-ինը, որքան էլ նրանք տարփողեն, որ անդառնալի կորուստներ են պատճառել Իրանին։ Խորհուրդ կտամ նայել The economist ամսագրի խմբագրականները, ու կհասկանաք՝ ով է ավելի բարվոք վիճակում գտնվում այս պատերազմում։
- Եթե ԱՄՆ-ը չի կարողացել լուծել Իրանին հակահարված հասցնելու հարցը, որովհետև Իրանի բալիստիկ հրթիռները շատ լուրջ հարվածներ են հասցնում հակառակորդներին, դա կարելի է համարել ձախողված օպերացիա։
- ԱՄՆ-ը հերթական անգամ, առանց ցամաքային գործողության, միայն օդուժի միջոցով որևէ պետության պարտության մատնելու պատրանքին գնաց ու ձախողեց։ Սա ընտրովի պատերազմ է՝ լավագույն սցենարի հաշվարկի ու տարբեր շահախմբերի ճնշումների, նրանց պլանները բավարարելու վրա հիմնված։ Մինչդեռ Իրանը շատ ավելի պինդ կորիզ էր, քան մնացած բոլոր պետությունները, որոնց, ի դեպ, նույնպես ԱՄՆ-ը չկարողացավ իր կամքը պարտադրել։ Անգամ, եթե ցամաքային գործողություն լիներ, Իրանի տեղանքը, աշխարհագրությունը շատ տարբեր է, և հաջողության հասնելը՝ բարդ, նույնիսկ, եթե կարողանային այդքան զինուժ տեղակայել այդտեղ։
- Հիմա Թրամփը հայտնվել է, շախմատային լեզվով ասած՝ ցուգցվանգում։ Ոչ մի տարբերակ ԱՄՆ նախագահը չունի։ Պենտագոնում մի քանի գեներալների աշխատանքից ազատեցին, որովհետև վստահ եմ՝ ցամաքային գեներալները դիմադրել էին ցամաքային գործողության գնալու պլանին։ Եթե անգամ կարողանային դեսանտ իջեցնել, նրանց հետ կապն օդով պիտի պահվեր։ Իսկ օդուժով ինչ-որ, թեկուզ 50 000-անոց կոնտինգենտին ապահովելը կատարյալ լոգիստիկական մղձավանջ է։ Պենտագոնում որևէ լուրջ մասնագետ դրան չէր հավատում։ Վերջին հեքիաթն էլ օդաչուին փրկելու մասին արժեցել է 250 միլիոն դոլար գումար։ Նպատակն Իրանի ուրանը գողանալն էր, բայց ընկան ծուղակի մեջ և ստիպված եղան հետ քաշել զորքերը:

- Փաստորեն, Թրամփը ո՛չ ցամաքային գործողության ընտրություն ունի այլևս, ո՛չ էլ զինադադարի գնալու և իր պարտությունն ընդունելու։ Խնդիրն այստեղ Իսրայելն է։ Իսրայելը ՎԵՏՕ-ի իրավունք ունի, թույլ չի տա գնալ զինադադարի, որովհետև այդ պարտությամբ Իսրայելն ավելի խոցելի վիճակում կհայտնվի, քան նույնիսկ ԱՄՆ-ը։
- ԱՄՆ-ում պատերազմի ստրատեգիան հիմնված է օդուժի վրա, և դա տրամաբանական է, որովհետև այդ կերպ զերծ ես մնում մեծաթիվ զոհերից։ Կոսովոյի ինտերվենցիայից առաջ Կոնգրեսում հարց էին տվել՝ քանի՞ հետևակայինի կյանք արժե Կոսովոյի ալբանացիներին փրկելը․ բոլորն ասել էին՝ զրո։ Այսինքն՝ ուզում էին փրկել Կոսովոյի ալբանացիներին, բայց միայն այն դեպքում, եթե դա որևէ հետևակայինի կյանք չէր արժենալու։
- Իրանում ղեկավարության գլխատման քաղաքականությունը, որը հաճախ կիրառվում է, որպեսզի երկրում քաոս ստեղծվի, համակարգերը փլուզվեն, չաշխատեց, որովհետև Իրանում պատրաստվել էին դրան, որ եթե հանկարծ ինչ-որ դիրք, պաշտոն զբաղեցնող 7 հոգու իրար հետևից սպանեին, փոխարինողներ լինեն, և …8-րդն արդեն գիտեին՝ ով է լինելու։
- Իրանում հաշվի էին առել, որ հակահրթիռային պաշտպանական համակարգերը շատ թանկ են, ու ԱՄՆ-ի ու Իսրայելի այդ ռեսուրսը կարելի է մաշեցնել հին հրթիռներով հարվածներ հասցնելով։ Միշտ հրթիռն ավելի էժան է, քան հակահրթիռը։ Իրանը կարողացել է ոչնչացնել նաև դիտարկող ռադարները, որոնց գինը 2.5 միլիարդ դոլար է։ Ի դեպ, այդ ռադարներով դիտարկումներ էին անում նաև Ռուսաստանի, Չինաստանի ուղղությամբ:
- Ես կարծում եմ՝ Վենսը, բնականաբար, չի կարող հրապարակավ հայտարարել, որ դեմ է այս պատերազմին, այլապես պիտի հրաժարական տա, բայց արժանահավատ են այն լուրերը, որ Վենսը ոգևորված չէր այս պատերազմով։ Դեմ էր նաև Թուլսի Գաբարդը, բայց նրա մոտեցումը եղել է այն, որ ավելի լավ է՝ մնա իշխանության ներսում ու փորձի ինչ-որ բան զսպել, քան իր պաշտոնն էլ բաժին հասնի Փիթ Հեգսեթի պես մեկին։ Դեմ էր նաև Գլխավոր շտաբի պետը։ Կարծում եմ` Թուլսի Գաբարդը ճիշտ կանի՝ հրաժարական ներկայացնի…
- Նորից եմ կրկնում, 5000 կամ 50.000 զորքը ոչինչ չի կարող անել, մի քանի հարյուր հազար մարդ է պետք, գոնե մի 400 000 հոգանոց զորք` ինչ-որ հաջողության հասնելու համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ քանի ամիս է պետք լինելու այդքան մարդուն անհրաժեշտ տեղում տեղակայելու համար։

- Իրանին այս պատերազմի սկզբում նույնիսկ մարդավարի հանձնվելու կամ պարտությունն ընդունելու հնարավորություն չեն տվել։ Իրանից, փաստորեն, ինքնասպանություն էին սպասում։ Խնդիրն Իրանը մասնատելն էր, Սիրիայի վերածելով՝ Իրանին շարքից հանելը։ Ի՞նչ պիտի աներ Իրանը, որ էդ տեսակ մտադրություններ բավարարեր։ Հետևաբար՝ ես չեմ պատկերացնում՝ էսկալացիան ինչ տեսք է ունենալու, ի՞նչ չեն արել Իրանին, որ պիտի անեն։ Միայն տոտալ բարբարոսության դիմելն է, բայց ես չեմ հավատում, որ Թրամփը կարող է դիմել միջուկային զենքի կիրառմանն ու գնալ դրան, և, որ նրա ձեռքը բռնող չի լինելու։
- Իհարկե, կարող են Թրամփին հոգեկան հիվանդ հանել, հեռացնել ու ավարտել այս պատերազմը, բայց Թրամփը միակ պատասխանատուն չէ, պետք է կարողանան Իսրայելի ձեռքը բռնել, եթե ուզում են՝ այս պատերազմը դադարի։ Իսրայելի ղեկավարներին ես համարում եմ հրեա ժողովրդի մեծագույն թշնամիները։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրեաներն ավելի մեծ թշնամի, քան Նեթանյահուն ու մյուս ղեկավարներն են, չի ունեցել։ Իսրայելը հիմա ԱՄՆ-ում սարսափելի ծանր իմիջային պարտություն է կրում։ Պրոիսրայելական դիրքորոշում ունեցող մարդկանց տոկոսը գահավիժել է։
- Տարածաշրջանի երկրներից ամերիկյան ռազմական ներկայության դուրսբերման Իրանի պահանջը միան Ծոցի երկրներով չի սահմանափակվելու։ Դա վերաբերելու է նաև Հայաստանին։ Իրանը թույլ չի տալու TRIPP կոչվածում ամերիկյան ռազմական ներկայություն։ Իրանը միշտ էլ դեմ է եղել դրան, իսկ հիմա, երբ Իրանը ստրատեգիական առումով շատ ավելի լավ վիճակում է, Իրանի կողմից շատ լուրջ ճնշում է լինելու այդ պրոյեկտը չեղարկելու ուղղությամբ։
- Հարցն այդ ճանապարհը բացել-չբացելը չէ, այլ այդ TRIPP-ով նախատեսված ճանապարհի վերահսկողությունը։ Ես դժվար եմ պատկերացնում, որ Իրանի հաղթանակի պարագայում TRIPP-ի պրոյեկտն իրականություն է դառնալու՝ գոնե թե ամերիկյան կոնսորցիումի կողմից վերահսկողության առումով։ Թուրքիան էլ չի վերահսկելու այդ ճանապարհը, որովհետև Իրանը Հայաստանին կապող ճանապարհը վերանալու է, իսկ Իրանը դա էլ չի կարող թույլ տալ։
- Անզեն աչքով տեսանելի է, որ ԱՄՆ-ը Իրանի հետ պատերազմի կոնտեքստում շատ վատ վիճակում է գտնվում, ինչը թուլացնում է նրա ազդեցությունը։ Դա Ռուսաստանին թույլ է տալիս որոշ քայլեր անել, և ռուսները սկսեցին իրենց կոշտ դիրքորոշումներն արտահայտել։ Հստակ է, որ իշխանությունը հույս էր դրել այն բանի վրա, որ Արևմուտքը հաղթող կողմ է, և հույսը պետք է դնել նրանց վրա։
- Պուտինը սպառնաց Փաշինյանին, և դա ինձ բոլորովին չի զարմացնում։ Ամեն անգամ, երբ Ռուսաստանի հարևան երկրները որդեգրել են պրոեվրոպական քաղաքականություն, տուժել են։ Ինչ վերաբերում է Պուտինի պորտը տեղը դնելուն, մենք հիշում ենք՝ 2018–2020թթ․ Փաշինյանը քանի անգամ է Ալիևի պորտը «տեղը դրել», երբեմն այնպես, որ նա երևի կորվալոլ է խմել, բայց մենք տեսանք՝ դրա ավարտն ինչ եղավ։ Ես ապշած եմ խոսույթի էդ աստիճանի դեգրադացիայից։
- Փաշինյանին Պուտինի ասածի իմաստն այն էր, որ եթե Հայաստանը փոխում է իր ստրատեգիական կողմնորոշումը, ունենում է լուրջ կորուստներ։ Ամեն դեպքում Պուտինի կոշտ խոսույթը ես կապում եմ Իրանում ստեղծված իրավիճակի հետ։
- Ես չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է 5 տարվա էս ինտենսիվ, շարունակական հակառուսական տրամադրությունները տեսնել, որոնք խրախուսվում են իշխանության կողմից, ու զարմանալ Պուտինի կոշտ խոսույթից։ Այս իշխանությունն ունի իղձեր ու անշեղորեն գնում է դրանց հետևից։ Նախ Արցախն էին «ազատագրում», հիմա՝ Հայաստանը ռուսական լծից, ու տեղափոխում են արևմտյան «դրախտ»։
- Ես համարում եմ, որ շատ վատ էր, որ հունիսին կայանալիք ընտրությունների մասին Պուտինն այդ տեսակ հայտարարություն արեց, որը հիմա դիտվում է որպես միջամտություն, բայց հիշեք, որ այսօր դրա մասին խոսողները, Պուտինի այդ խոսքը սուր քննադատողներն ընդամենն ամիսներ առաջ հրճվում էին ԱՄՆ փոխնախագահ Զեյ Դի Վենսի նույնանման հայտարարությունից, որն ուղղակի հայտարարեց ընտրություններում Փաշինյանին աջակցելու մասին, թող հիշեն Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը… Պուտինի և որևէ մեկի գործը չէ՝ Հայաստանում ով կմասնակցի ընտրություններին ու ում օգտին կքվեարկեն հայաստանցիները։ Դա միայն հայ ժողովրդի գործն է։
- Փաշինյանի կողմից պատերազմի սպառնալիքը շանտաժ է ժողովրդի դեմ։

- Թրամփի՝ իշխանության գալուց հետո մի լավ բան եղավ գոնե․ բացահայտվեցին ազդեցության գործակալների ֆինանսավորման աղբյուրները` USAID, NDI, Սորոսի հիմնադրամ…
- Դավիդ Պետրեուսը Սիրիայի նախագահ, երբեմնի տեռորիստ, մարդակեր Ալ Ջոլանիի հետ այսօր բասկետբոլ է խաղում…. Ժամանակին նույն ԱՄՆ-ը Ալ Ջոլանիի գլխագին էր սահմանել 10 միլիոն դոլարը… Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպած Ալ-Քաիդայի մարդակերն այսօր Սիրիայի նախագահն է, և դա նորմալ են համարում, բայց ով իրենց հետ համաձայն չէ, ավտոմատ կերպով հայտարարվում է ագենտ, օտարերկրյա գործակալ։ Հիբրիդային պատերազմի սկիզբունքը նույն մոդելով է աշխատում։
- Այդ մարդիկ, բացի իրենց տեսակետից, որևէ այլ դիրքորոշում չեն ուզում լսել, դա համարում են օտարերկրյա գործակալների կողմից մղվող հիբրիդային պատերազմ։
- Շատ ծանր է քաղաքական վիճակը Հայաստանում, և խնդիրը միայն Փաշինյանը չէ։ Երբ նայում ես 8 տարի իշխանության եղած Փաշինյանի բագաժին, շատ դժվար է գտնել գոնե արված մի երկու բան, որի մասին կարելի է դրական խոսել, բացի մի երկու մետր ասֆալտից ու մի 2 հատ մանկապարտեզից… Այս տեսակ «վաստակ» ունեցող իշխանությանը պետք է շատ հեշտ լիներ իշխանությունից հեռացնել։ Մենք պետք է մեզ հարց տանք՝ ինչո՞ւ չենք կարողանում դա անել։ Մինչև այս առեղծվածի պատասխանը չգտնենք, իրավիճակը չի փոխվի։ Համարյա բոլոր քաղաքական ուժերը հակված են սիմպտոմներ բուժելուն՝ առանց ախտորոշումը որոշելու։