
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է ԿԸՀ 2024-2025 թվականների գործունեության հաղորդումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Այս ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովները կազմակերպել և իրականացրել են թվով 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ, երեքը՝ համամասնական, չորրորդը՝ մեծամասնական ընտրակարգով։ Հանձնաժողովը 2025 թվականի ապրիլի 10-ին հաստատել է 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը»,- ասված է հաղորդագրությունում։
ԿԸՀ նախագահը ներկայացրել է նաև ԱԺ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը և պատասխանել պատգամավորների հարցերին։
Վահագն Հովակիմյանը կարևորել է ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների՝ ԸԸՀ, ՏԸՀ անդամների, ԶԼՄ-ների, դիտորդների, վստահված անձանց ուսուցումը։