Զբոսաշրջության նոր միտումներ․ Հայաստանը զարգացնում է էկո, ագրո և գաստոտուրիզմը․ «Էկոսֆերա»

Լինել հյուրընկալ երկիր, ունենալ հյուրասեր ժողովուրդ և աշխարհի ամենահամեղ խոհանոցներից մեկը. այս ամենը դեռևս բավարար չէ էկոզբոսաշրջիկներին գրավելու համար։ Մարզերում դեռևս առկա է ծառայությունների որակի և ծավալի խնդիր։ Ինչպիսի՞ն են էկոտուրիզմի, ագրոտուրիզմի և գաստրոտուրիզմի զարգացման հնարավորություններն ու իրականացվող ծրագրերը Հայաստանում։

Հայկական բրենդներ և գյուղական հյուրասիրություն

Ծիրանը, խաղողն ու դեղձն այսօր Հայաստանի այցետոմսերն են։ Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն այս անուշաբույր պտուղները, այլև հայերի անկեղծ հյուրասիրությունը՝ հատկապես գյուղական համայնքներում։ Գաստրոտուրիզմը և էկոտուրիզմը ժամանակակից զբոսաշրջության արագ զարգացող ուղղություններ են, որոնք համատեղում են հանգիստը, մշակութային ժառանգությունն ու բնապահպանական արժեքները։

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով՝ Հայաստանի մի շարք մարզեր ունեն հսկայական ներուժ այս ուղղությունները խորացնելու համար։

Փորձառություն և կայունություն. համաշխարհային միտումներ

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) տվյալներով՝ վերջին տարիներին զբոսաշրջիկների նախասիրությունները զգալիորեն փոխվել են։ Մարդիկ այլևս չեն բավարարվում պարզ հանգստով. նրանք փնտրում են փորձառություն, ինքնատիպություն և կայունություն։ Ավելի շատ ընտրվում են բնության հետ կապված ուղևորությունները՝ գյուղական, լեռնային և էկոլոգիական տուրիզմը։

Ռազմավարական քայլեր և թվային լուծումներ

Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունն ընդունեց զբոսաշրջության 2026-2030 թթ. ռազմավարությունը, որտեղ գաստրոտուրիզմը, էնոտուրիզմը (գինու տուրիզմ), էկո և ագրոտուրիզմը սահմանվել են որպես հիմնական առաջնահերթություններ։

«Հայաստանի էկոզբոսաշրջային հնարավորությունների մասին շուտով կպատմեն նաև բելգիական հայտնի հաղորդաշարի շրջանակում»,- նշում է Լուսինե Գևորգյանը։

Մեր խոհանոցի և հուշարձանների մասին օտարերկրացիներին տեղեկացնելու համար այսօր հիմնականում կիրառվում են թվային տեխնոլոգիաներն ու թիրախային մարքեթինգը։

Էկոտուրիզմի սոցիալական և բնապահպանական դերը

Էկոտուրիզմը կենտրոնանում է կենսաբազմազանության ճանաչելիության բարձրացման և տեղական համայնքների սոցիալական աջակցության վրա։ Ողջ աշխարհում օրինակելի է համարվում Կոստա Ռիկան, որտեղ պետական խիստ քաղաքականության և ենթակառուցվածքների շնորհիվ էկոտուրիզմը դարձել է տնտեսության հենասյունը։ Հայաստանը ևս ունի բոլոր նախադրյալները՝ համայնքների ակտիվ ներգրավմամբ դառնալու տարածաշրջանային էկո-կենտրոն։

Leave a Comment