Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալի»՝ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ տոնած արտագնա հաղթանակի շնորհիվ Անգլիայի Պրեմիեր լիգան ապահովեց 5-րդ ուղեգիրը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի հաջորդ՝ 2026/27 մրցաշրջանի համար։
Չեմպիոնների լիգայի նորացված ձևաչափով (եզրափակիչ փուլի մասնակիցների թիվը հասել է 36-ի) լրացուցիչ երկու ուղեգրեր բաժին են հասնում ՈւԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում տվյալ մրցաշրջանում լավագույն արդյունք գրանցած երկու երկրներին։ «Արսենալի» հաղթանակից հետո անգլիական ակումբների վաստակած ընդհանուր միավորների քանակը 2025/26 մրցաշրջանում հասավ 25,013-ի։ BBC-ն ընդգծում է, որ երկրորդ լրացուցիչ ուղեգրի համար պայքարում են Գերմանիան և Իսպանիան։
Այսպիսով, ԱՊԼ-ում 5-րդ հորիզոնականը ևս դառնում է անցումային դեպի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլ։ Ներկա պահին Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում լավագույն քառյակը կազմում են «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Աստոն Վիլան»: 5-րդ հորիզոնականը 49 միավորով զբաղեցնում է «Լիվերպուլը», որին հաջորդում են «Չելսին» (48 միավոր), «Բրենտֆորդը» և «Էվերթոնը» (46-ական միավոր):
Անցյալ տարի ևս ԱՊԼ-ն ստացել էր հինգերորդ ուղեգիրը Չեմպիոնների լիգայում։ Ավելին, Անգլիան ընթացիկ խաղարկության մեկնարկում ներկայացված էր վեց թիմով, քանի որ 2025 թվականին Լոնդոնի «Տոտենհեմը» դարձել էր Եվրոպայի լիգայի հաղթող։