ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան ապրիլի 9-ին մասնակցել են Հայաստանում Էստոնիայի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որը կայացել է նախարար Ցահքնայի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ելույթում նշել է. «Սա արտացոլում է Էստոնիայի, Էստոնիայի կառավարության և անձամբ Ձեր հանձնառությունը, սիրելի՛ ընկեր, զարգացնելու Հայաստան-էստոնիա հարաբերությունները, ինչպես նաև շարունակելու աջակցությունը՝ ցուցաբերելով ամուր աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ իր ազատության, ինքնիշխանության, իհարկե նաև տարածքային ամբողջականության և ժողովրդի բարեկեցության ձգտման ճանապարհին»:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Էստոնիայի նախարար Մարգուս Ցահքնան իր խոսքում նշել է. «Էստոնիան, փոքր պետություն լինելով, տեսնում է, որ մի շարք երկրներ, հատկապես Եվրոպայում, փակում են իրենց դեսպանությունները, իսկ մենք բացում ենք հինգ նոր դեսպանություն։ Եվ այդ շարքում առաջինը հենց Էստոնիայի դեսպանությունն է Հայաստանի Հանրապետությունում»: