Ըստ միջազգային մամուլի հրապարակումների
Որպես իրանյան հակամարտության արդյունք, Եվրասիայում էներգետիկ ռեսուրսների փոխադրման ցամաքային ուղիների ռազմավարական արժեքը զգալիորեն աճել է, գրում է ամերիկյան «Վաշինգտոն փոսթ» թերթը: Հորմուզի նեղուցի փակումը, որով անցնում է նավթի համաշխարհային ծովային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդը, բացահայտել է ծովային նեղ անցուղիների խոցելիությունը, հանգեցնելով նշված աճին:
Միացյալ Նահանգները, նշում է թերթի սյունակագիրը, պետք է ճանաչի այս տեղաշարժը եւ մշակի այնպիսի քաղաքականություն, որը կկանխի որևէ առանձին տերության գերիշխանությունը Եվրասիական մայրցամաքում: Առաջին քայլը պետք է լինի այն երկրները որոշելը, որոնց առանցքային դեր է հատկացվում այդ նպատակին հասնելու գործում: Ինչպես ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքը կախված է մի քանի տատանվող նահանգներից, եվրասիական միջին տերությունների նոր խումբը դառնում է որոշիչ գործոն մեծ տերությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ մրցակցության մեջ: Որպես այդպիսի պետություններ, հոդվածում նշվում են Հայաստանը, Ադրբեջանը, Հունգարիան, Ղազախստանը, Մոնղոլիան, Պակիստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը:
Այս ութ երկրները, ինչպես նկատվում է հոդվածում, գտնվում են Ասիան եւ Եվրոպան կապող հիմնական տրանսպորտային միջանցքների վրա: Դրանցից շատերը հարուստ են նավթով, գազով կամ կարեւորագույն հանքանյութերով՝ ռեսուրսներ, որոնք մեծ նշանակություն ունեն աշխարհատնտեսական մրցակցության ժամանակակից դարաշրջանում:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը թուլացրել է Մոսկվայի ազդեցությունը՝ տարածք բացելով Չինաստանի ազդեցության ընդլայնման համար՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջոցով: Պեկինը Կենտրոնական Ասիան ավելի է իր հետ կապել խողովակաշարերի եւ երկաթուղիների միջոցով: Սակայն տարածաշրջանի քիչ երկրներ են պատրաստ իրենց կախվածությունը Ռուսաստանից փոխարինել Չինաստանից կախվածությամբ: Այս տատանումը հստակ հնարավորություն է ստեղծում Միացյալ Նահանգների համար, հատկապես Թրամփի օրոք, որն էներգետիկ անվտանգությունը, կարեւորագույն հանքանյութերը եւ ռազմավարական աշխարհագրական դիրքը բարձր է դասում ժողովրդավարական ցուցանիշներից:
Ըստ այդմ, Թրամփի վարչակազմի եվրասիական քաղաքականությունը, լինի նպատակադրված, թե հանգամանքների բերումով, լավ համապատասխանում է «տատանվող պետությունների» հայեցակարգին: Այս հայեցակարգի վրա է կառուցված «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» (TRIPP) «միջանցքը» (չակերտը մերն է – Գ. Մ.): Կապելով Հայաստանը եւ Ադրբեջանը՝ ԹՐԻՓՓ-ը ստեղծում է ԱՄՆ-ի կառավարմամբ հանգույց, որը կապում է Կենտրոնական Ասիան Թուրքիայի եւ Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը:
«Թրամփի ուղին» եւ Ռուսաստանը
Օրեր առաջ պատասխանելով վարչապետ Փաշինյանի մոսկովյան այցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ «Բի-բի-սի»-ի ռուսական ծառայության բազմաթիվ հարցերի, ռուս հայտնի անկախ լրագրող եւ քաղաքագետ Կիրիլ Կրիվոշեեւն անդրադարձել է նաեւ «Թրամփի ուղուն»՝ դրա նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի համատեքստում:
«Թրամփի ուղին», ի մասնավորին հիշեցրել է նա, պետք է անցնի անմիջապես Իրանի հետ սահմանի երկայնքով, քանի որ թե՛ ցարական, թե՛ խորհրդային ժամանակներում այս հատվածում ռելսեր կային, եւ դրանք անցնում էին Արաքս գետի երկայնքով: Ու այստեղ նախատեսում են, ըստ էության, վերականգնել խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած ռելսերը: Բացի Ադրբեջանի եւ Հայաստանի համար ունեցած նշանակությունից, ինչպես նկատվում է, սա մի տեսակ նոր մետաքսի ճանապարհ է Չինաստանից Եվրոպա՝ Կենտրոնական Ասիայով, Հարավային Կովկասով եւ Թուրքիայով: Ռուսաստանը նախապես պնդում էր, թե այդ ճանապարհի վերահսկողությունը համենայն դեպս պետք է իրականացնեն ռուս սահմանապահները: Բայց Դոնալդ Թրամփը 2025 թվականին վերադարձավ Սպիտակ տուն եւ… այս ճանապարհի մասին հանկարծ առաջացած խոսակցությունները դարձան օգոստոսի 8-ի համաձայնություն: Իսկ ամեն ինչ սկսվել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանից. նա էր նախաձեռնել նախագծի շուրջ քննարկումները…
Ճիշտ է, նկատում է քաղաքագետը, Թրամփը շատ արագ կորցնում է հետաքրքրությունը ինչի նկատմամբ ասես, ու հիմա նա ակնհայտորեն հետաքրքրված է այլ երկրներով ու հակամարտություններով: Եվ նախ, լիովին պարզ չէ, թե ինչպես են ԱՄՆ-Իրան հարաբերությունները նպաստելու Իրանի սահմանի երկայնքով Ամերիկայի կողմից վերահսկվող որեւէ ճանապարհի կառուցմանը: Ու երկրորդ, արդյո՞ք Թրամփին դա ընդհանրապես պետք է հիմա: Հնարավոր է՝ նա կկորցնի հետաքրքրությունը եւ նախագիծը դրանով կմարի:
Իր մի հոդվածում այս խնդրին անդրադարձել է նաեւ թուրքական «Ջումհուրիեթ» թերթը: Չնայած ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարների ներկա ընդհանուր ոչ վատ հարաբերություններին, Թրամփի Ամերիկայի եւ Ռուսաստանի շահերը, նշում է թուրքական լրատվամիջոցը, բախվում են, մասնավորապես, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Իրենք նախկինում գրել էին Ռուսաստանում եւ Իրանում առկա մտահոգությունների մասին «Թրամփի միջանցք» նախագծի վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ Արեւմուտքի համար Կովկասի հիմնական նշանակությունը Կենտրոնական Ասիայի դարպասի նրա դիրքն է,- ասվում է հրապարակման մեջ,- մենք տեսնում ենք, որ «Թրամփի միջանցքը» մարտահրավեր է նետում ռուսական ազդեցությանը ոչ միայն Կովկասում, այլեւ Կենտրոնական Ասիայում»:
«Հայաստանի ընտրությունները՝ Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման ասպարեզ»
Սա «Ջումհուրիեթ»-ի հիշյալ հոդվածի երկրորդ վերնագիրն է, իսկ առաջինն է «Հայաստանը բանալի է դեպի Կովկաս եւ Կենտրոնական Ասիա»:
Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը հայտնվել է աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնում, գրում է պարբերականի հեղինակը: ԱՄՆ-ը փորձում է իրականացնել Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի հետ միավորելու նախագիծ: Մյուս կողմից, Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում կարող է հեշտությամբ ուժեղանալ (Հայաստանի) ամառային ընտրություններից հետո:
ԱՄՆ նախագահի կողմից Կովկաս-Կենտրոնական Ասիա առանցքում կառուցվող շղթայի ամենաթույլ օղակը, ըստ հոդվածագրի, Հայաստանն է: Ի տարբերություն Ադրբեջանի, այստեղի կառավարությունն աստիճանաբար կորցնում է ժողովրդի աջակցությունը, մինչդեռ Ռուսաստանի ազդեցությունը հասարակության վրա, անկախ ամեն ինչից, մնում է ուժեղ: Թերթի հեղինակը նույնիսկ մեծ է համարում հավանականությունը, որ ռուսամետ ընդդիմությունը կհաղթի հունիսի 7-ի ընտրություններում: Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գիտակցելով, որ ընտրություններից առաջ չի կարողանա բացահայտորեն հանդես գալ Ռուսաստանի դեմ, ապրիլի 1-ին այցելեց Մոսկվա, ջերմ հանդիպում ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ: Սակայն, դատելով նաեւ ռուսական արձագանքներից, նա, մասնավորապես, չի կարողացել հայկական ընդդիմությանը զրկել Ռուսաստանի աջակցությունից: Մյուս կողմից, ԵՄ ղեկավարությունը հայտարարել է, որ փորձագետներ կուղարկի Հայաստան՝ ընտրությունների ժամանակ հնարավոր «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու համար: Վերջին տարիներին ԵՄ-ն, ինչպես նշվում է, Արեւելյան Եվրոպայի տարբեր երկրներին ռուսամետ թեկնածուների հաղթանակի դեպքում մեղադրել է ընտրակեղծիքների մեջ: Հետեւաբար կարծվում է, որ Հայաստանում հունիսին կայանալիք ընտրությունները կդառնան կոշտ բախման ասպարեզ ոչ միայն տեղական թեկնածուների, այլ նաեւ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ:
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրությունների ելքը, ամփոփում է լրատվամիջոցը, հանգուցային նշանակություն կունենա Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ազդեցության համար:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ