Եղիսաբեթ II-ն իր ժամանակի ամենահանրահայտ կանանցից մեկն էր, և նրա ոճը, թեև զուսպ ու հաճախ պահպանողական, միանգամից ճանաչելի էր։ Նրա հանդերձանքները մանրակրկիտ մշակված էին թե՛ գործնական, թե՛ առօրյա առիթների համար՝ որպես նրբագեղության, դիվանագիտության և կայունության խորհրդանիշ։
Նոր ցուցադրությունը՝ The King’s Gallery-ում, ներկայացնում է Եղիսաբեթ II-ի կյանքի տասը տասնամյակները և նշում նրա ծննդյան 100-ամյակը (ապրիլի 10-ին)։ Ցուցադրվող 200 նմուշներից ընտրել ենք հինգ ամենահայտնի հանդերձանքները․
Harris Tweed զգեստը
Նորման Հարթնելի հեղինակած Harris Tweed զգեստը և Balmoral Tartan կիսաշրջազգեստը թագուհին առաջին անգամ կրել է 1950-ականներին։ Առօրյա կյանքի համար նախատեսված այս հանդերձանքը գործնական էր և հարմար առավոտյան զբոսանքների համար, սակայն այն նաև հստակ ուղերձ էր հաղորդում՝ ի ցույց դնելով բրիտանական մանածագործության բարձր որակը։ Ցուցադրության համակարգող Կարոլին դե Գյութոն նշում է, որ այս հանդերձանքը դարձավ բրիտանական ոճի խորհրդանիշ, որից նույնիսկ այսօր ոգեշնչվում են ժամանակակից դիզայներները (օրինակ՝ Miu Miu-ն՝ իր 2024 թվականի հավաքածուներում)։
Թագադրության զգեստը (1953)
Այս զգեստը պատրաստված է ոսկեզօծ ու ադամանդապատ բարդ նախշերով։ Հատկանշական է դրա խորհրդաբանությունը. այն ներառում է Միացյալ Թագավորության չորս երկրամասերի ծաղկային խորհրդանիշները։ Զգեստը պարզապես շքեղ հագուստ չէր. այն մարմնավորում էր թագուհու իշխանությունն ու երկրի համերաշխությունը։
«Այզենհաուերյան» կանաչ զգեստը (1957)
ԱՄՆ կատարած այցի ժամանակ կրած այս զգեստը նույնպես Նորման Հարթնելի դիզայնով էր։ Այն հատուկ նախատեսված էր նախագահ Դվայթ Այզենհաուերի պատվին տրված ընդունելության համար։ Գունային ընտրությունը՝ «խնձորագույն կանաչը», դիվանագիտական քայլ էր՝ ուղղված ամերիկյան կողմին՝ ընդգծելով Թագավորության և ԱՄՆ-ի միջև ջերմ կապերը։
Բաց կապույտ զգեստը
Իր քրոջ՝ արքայադուստր Մարգարետի հարսանիքին կրած այս զգեստն առանձնանում է դասական հմայքով։ Կապույտը՝ որպես հանգստացնող և վստահություն ներշնչող գույն, հետագայում դարձավ թագուհու ամենասիրելի երանգներից մեկը։
Թափանցիկ անձրևանոց-վերարկուն (1960-ականներ)
Դիզայներ Հարդի Էյմսի այս ստեղծագործությունը թույլ էր տալիս տեսնել թագուհու վառ գունավոր զգեստները նույնիսկ անձրևոտ եղանակին։ Այս «ֆուտուրիստական» լուծումը ցույց է տալիս, որ Էլիզաբեթ II-ը միշտ քայլել է ժամանակին համընթաց և կարողացել է նորաձևությունը ծառայեցնել իր պաշտոնական պարտականություններին։
