Մինչև 250.000 դրամ փոխհատուցում կտրամադրվի Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստան վերադարձի ավիատոմսերի համար

Կառավարությունը մինչև 250.000 դրամ փոխհատուցում կտրամադրի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմսեր կամ կատարել են ավիատոմսերի վճարովի փոփոխություն:

250.000 դրամից պակաս արժեքով նոր ավիատոմսի գնման դեպքում՝ փոխհատուցումը կտրամադրվի փաստացի վճարված գումարի չափով: Ընդ որում, եթե ավիաընկերությունների կողմից տրամադրվել է 250.0 հազար դրամից պակաս փոխհատուցում չեղարկված թռիչքի համար, ապա փոխհատուցվում է 250.0 հազար դրամի և ավիաընկերության կողմից տրամադրված փոխհատուցման տարբերության չափով:

Որոշման գործողությունը տարածվելու է 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով գնված ավիատոմսերի վրա, ինչպես նաև ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։

Փոխհատուցումը ստանալու համար առաջարկվում է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (е-request.am) միջոցով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել փոխհատուցման հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Հաստատված հայտերը եռօրյա ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ փոխհատուցման ենթակա գումարը հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացու բանկային հաշվեհամարին փոխանցելու նպատակով:

Leave a Comment