Հայաստանի բանակը սպառազինության, բարոյահոգեբանական, պաշտպանունակության, սննդի և հագուստի առումներով երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան հիմա է։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակում տիրող իրավիճակի մասին ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարություններին։
«Պիտի արձանագրեմ, որ Հայաստանի բանակը և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել։ Ինձ համար կարևոր են զինվորները և նրանց ծնողների արձագանքը, բայց դա չի նշանակում, որ պրոբլեմներ չկան։ Աշխարհում այդպիսի բանակ չկա, որտեղ պրոբլեմներ չկան, աշխարհում այդպիսի երկիր չկա, որտեղ պրոբլեմներ չկան։
Բայց Հայաստանի անվտանգության խորհուրդը, կառավարությունը և ՊՆ-ն ընդունել են բանակի կերպափոխման տեսլականը և այդ տեսլականը քայլ-քայլ իրականացվում է։ Մնացած հայտարարություններին ես անդրադառնալու կարիք չեմ տեսնում, որովհետև, երբ փորձում եմ դրանց շուրջ պարզաբանումներ ստանալ, պարզվում է, որ իրականում այն, ինչ ասվել է, այդպես չէ։ Այլ բան, որ երբ մարդիկ հայտարարություն են անում և հետո պարզվում է, որ այդ հայտարարությունը սխալ փաստերի վրա է հիմնված, իրենք պետք է ունենան նույնքան քաղաքական կամք՝ կանգնելու և ասելու՝ «Ժողովուրդ ջան, գիտեք այն փաստը, որի մասին ես խոսում էի, պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ»,-ասաց Փաշինյանը։
Նա միաժամանակ շեշտեց՝ մայիսի 28-ին նախատեսվող ցուցադրությանը հասարակությունը ականատես կլինի, թե ինչ է փոփոխություններ են եղել բանակում։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր՝ Հայաստանում զորակոչի թիվն էականորեն նվազել է, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել իրավիճակը փոխելու համար։ Պատգամավորը համեմատել էր 2018 թվականի և 2025 թվականի զորակոչի թվերը՝ արձանագրելով, որ զորակոչի թիվը, 2025 թվականին, 2018-ի համեմատ, նվազել է երեք անգամ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր պատգամավորի հայտարարություններին՝ շեշտելով, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 տոկոսով: