Ոստիկանության պարեկային ծառայությանը հրահանգ է տրվել առավելագույնս աչալուրջ լինել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեության նկատմամբ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ հրապարակման՝ իրավապահներին հանձնարարել են հերթապահություն իրականացնել «Ուժեղ Հայաստանի» կազմակերպած բոլոր միջոցառումների ժամանակ։
Հրահանգի շրջանակում պարեկները պետք է արձանագրեն դեպքի վայր ժամանող բոլոր ավտոմեքենաների պետհամարանիշները և հնարավորության դեպքում տուգանեն վարորդներին կամ տրանսպորտային միջոցները տեղափոխեն տուգանային հրապարակ։
Թերթի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունը շուրջօրյա հերթապահություն է սահմանել կուսակցության գրասենյակների հարևանությամբ՝ տուգանելով անդամներին տեղափոխող տրանսպորտային միջոցների վարորդներին։
«Ուժեղ Հայաստան»-ի ավտոբուսները կանգնեցնելու մասին հայտնի էր դարձել մարտի 29-ին, երբ Երևան-Սևան մայրուղու վրա պարեկային ծառայությունը կանգնեցրել էր ավտոբուսների շարասյունը։
