«Հրապարակ»․ Աննա Հակոբյանին սթրեսի ենթարկելու համար՝ 300 հազար դրամ


«Հրապարակ» թերթը գրում է․ 

«2024 թվականի ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, եւ նրա կրտսեր դուստրն այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այն պահին, երբ անմար կրակի մոտ էին եղել Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները: Վարչապետի կնոջը տեսնելով՝ նրանք սկսել էին վանկարկել. «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, հողատու» եւ այլն: Միջադեպից անմիջապես հետո 7 անձ ձերբակալվել էր, նրանց մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` «Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք», որը 1-4 տարի ազատազրկում է նախատեսում: Քննիչները գտել էին, որ այդ վանկարկումը սթրես եւ հոգեկան տառապանք են պատճառել տիկին Հակոբյանին եւ նրա դստերը:

Գործը քննվում էր Քննչական կոմիտեում, ԱԺԲ-ականներին պարբերաբար կանչում էին հարցաքննությունների, սակայն այդպես էլ Քննչական կոմիտեն 2 տարի քննելուց հետո չի կարողացել ավարտել նախաքննությունը։ Քրգործից անջատվել է Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամ՝ 70-ամյա Տիգրան Դերմոյանի մասը, նախաքննության ավարտ են հայտարարել եւ մասն ուղարկել դատարան` քննելու, իսկ մայր գործի նախաքննությունը շարունակվում է։
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ, Դերմոյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ կիրառվել է 375 հազար դրամի տուգանք: Որոշումը կողմերը բողոքարկել են վերաքննիչ քրեական դատարան, վերաքննիչն առաջին ատյանի որոշումը մեղմացրել է` 375 հազար դրամ տուգանքի փոխարեն նշանակել է 300 հազար դրամի չափով տուգանք։ Դերմոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը «Հրապարակ»-ին ասաց, որ վերաքննիչի այս որոշումը եւս ինքը եւ դատախազը բողոքարկել են վճռաբեկ դատարան․ «Մենք արդարացում ենք պահանջում, իսկ դատախազը պահանջում է նոր քննություն կամ ըստ արարքի` պատիժ, դեռ լուր չունենք՝ ընդունե՞լ է վարույթ, թե՝ չէ։ Ես միայն գիտեմ, որ մայր գործի քննությունը շարունակվում է, կարծում եմ՝ իրենք սպասում են, որ այստեղով վերջնական դատավճիռ լինի, իրենք դա վերցնեն, դնեն գործի մեջ, որից հետո ակտիվ գործողություններ կանեն: Օրինակ, կարող են ընտրություններից առաջ տեսնեն՝ ցուցակում իրենց անհարմար մարդ կա՞, մի քրեական գործով ծանրաբեռնեն, կարողանան օգտագործել»։

Ինչո՞ւ է հենց Դերմոյանի դրվագն առանձնացվել։ Պապիկյանն ասում է, որ չի կարող այդ հարցին պատասխանել, ինքն էլ չգիտի. «Ընդ որում, 10 րոպեանոց վիդեոյում, որը ներկայացվել է դատարանին, Դերմոյանը լուռ կանգնած է, ոչինչ չի անում, չի վանկարկում»։ Պաշտպանի խոսքով` Աննա Հակոբյանը եւ դուստրը տուժող չեն ճանաչվել, որեւէ կարգավիճակ չունեն, սակայն քրեական վարույթը նախաձեռնվել է նրանց պաշտպանելու համար։ Նշենք, որ նույն հոդվածով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելուն) քրեական վարույթ էր նախաձեռնվել թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանի նկատմամբ»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Leave a Comment