Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը հոդված է գրել Թրամպի ուղու վերաբերյալ, որը հրապարակվել է Evnreport-ում, ինչպես հայտնում է «Արմենպրեսը»:
Ըստ այդ տեղեկության՝ Մնացականյանը հոդվածում «Թրամպի ուղու» վերաբերյալ գրել է, օրինակ, այսպպիսի մի բան. «Հայաստանում շրջանառվող հանրային քննարկումները ինչպես սահմանափակ են, այնպես էլ ոչ ճիշտ ուղղվածություն ունեն»:
Հետաքրքիր չէ, թե ինչ է գրել Զոհրաբ Մնացականյանը որպես շարունակություն: Իսկ ի՞նչ պետք է գրի մի արտգործնախարար, որի գործունեության «արդյունքը» եղել է 44-օրյա պատերազմը: Դեռ պարզ չէ, թե ինչն է եղել պատերազմի ընթացքում նրա գործունեության արդյունքը: Պարզ չէ նաեւ, թե ինչու՞ պատերազմից հետո հանկարծ «անհամաձայնություն» եղավ Փաշինյանի ու Մնացականյանի միջեւ, երբ Փաշինյանը հայտարարել էր, թե Շուշիի թեման միշտ եղել է բանակցություններում, իսկ այդ ժամանակ Հայաստանի ԱԳՆ խոսնակը՝ անկասկած ոչ առանց Մնացականյանի հետ համաձայնեցման, ասել էր, թե Շուշիի թեմա չի շոշափվել բանակցության ընթացքում: Դրանից կարճ ժամանակ անց Մնացականյանը եղավ պաշտոնանկ:
Ներկայումս «Թրամպի ուղու» վերաբերյալ հոդվածներ գրելու փոխարեն, Զոհրաբ Մնացականյանը թերեւս հանրությանը պետք է ներկայացնի 44-օրյա պատերազմին նախորդած իր նախարարական շրջանի պատկերը, բացատրի, թե ի՞նչը սխալ կամ կիսատ արվեց, որ իրավիճակը հասավ պատերազմի, ու նաեւ ներկայացնի, թե ինչ էր արվում պատերազմի ընթացքում ու դրանից հետո՝ մինչեւ իր պաշտոնանկությունը:
Երբ Զոհրաբ Մնացականյանը այդ ամենի մասին հանգամանալից կխոսի, կներկայացնի այդ ամենը ու կպատասխանի հանրային հետաքրքրություն ներկայացննող հարցերին, դրանից հետո կարող է հոդվածներ գրել «Թրամպի ուղու» եւ այլնի մասին, որքան սիրտը կուզի:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան