ԱԺ շենքի դիմաց այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն հոգևոր արժեքների։ Ակցիայի կազմակերպիչ, «Նոր Հայաստան» ՀԿ-ի նախագահ Էլեոնորա Մանանդյանը հայտարարել է, որ ակցիայի նպատակն է մարդկության ուշադրությունը սևեռել այն չարիքի վրա, որը տիրում է Հայաստանում։
Նրա խոսքով՝ մարդիկ հանձնվել են, ինչը նա անընդունելի է համարում և կարծում է, որ «չարիքն այնքան է խտացել, որ կարող են կորցնել ՀՀ վերջին կտորը»։
«Բոլորը պատրաստվում են ընտրությունների, սակայն հանցագործը պետք է նստի բանտում։ Եթե հանկարծ իշխանությունը վերընտրվի, մենք կարող ենք հիրավի կորցնել Հայաստանը»,- ասել է նա։

Մանանդյանը դիմել է ընդդիմությանը՝ հորդորելով պայքարել։ Նա նաև ընդգծել է, որ ըմդդիմությունը պետք է միավորվի և միասնական ճակատով հանդես գա։ Բացի այդ, նա դիմել է հայ ժողովրդին՝ նշելով, որ պատրաստել են ուղեցույց, թե ինչ պետք է անել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փողոցում հանդիպելիս։
«Մերժեք իր սրտիկը, որովհետև իր խաղաղությունը կեղծ է։ 1915 թվականին մենք լսել ենք նմանատիպ խոսակցություններ և գիտենք, թե դրանք ինչով ավարտվեցին»,- ընդգծել է նա։

Ակցիայի կազմակերպիչը դեմ է արտահայտվել իշխանության կողմից եկեղեցու դեմ իրականացված քայլերին։ Ակցիայի մասնակիցները, իրենց խոսքով, բեմադրություն են նաև իրականացրել՝ ԱԺ շենքի մոտ գալով սև հագուստներով, ինչը, նրանց խոսքով, ցույց է տալիս տիրող չարիքը։
2025 թվականի նոյեմբերին Ազգային ժողովի դիմաց նույն քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։ Նրանք իրենց ակցիան անվանել էին «Նիկոլի ծուռ հայելիները» և համապատասխան գրությամբ պաստառ պահել։
