Աննա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ապրիլի 9-ին՝ ժամը 12։00, խաղաղ ակցիա պետք է կազմակերպվի՝ ի պաշտպանություն և ի աջակցություն 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի։
Մենք՝ մի խումբ ՀՀ քաղաքացիներս, չպատկանելով որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման, նախաձեռնում ենք խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն և ի աջակցություն 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի։
Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին, հրավիրում ենք բոլոր սրտացավ մարդկանց՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ միասին բարձրաձայնելու մեր արդարացի պահանջն ու խնդրանքը։
Դավիթ Մինասյանն ընդամենը 18 տարեկան դպրոցական է։ Նա ունի առողջական մի շարք խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ։ Դավիթը զրկված է կրթություն ստանալու իրավունքից։ Ի դեպ, դպրոցում նա աչքի է ընկնում փայլուն առաջադիմությամբ։
Այս ակցիան խաղաղ է և բացառապես քաղաքացիական։ Սա պայքար է արդարության համար։ Սա պայքար է երիտասարդի կյանքի ու ապագայի համար։
Յուրաքանչյուրիդ ներկայությունն ու մասնակցությունը չափազանց կարևոր է։ Միայն միասին կարող ենք ցույց տալ, որ մենք չենք լռելու և չենք հանդուրժելու անարդարությունը։
Հարգելի լրագրողներ, խնդրում ենք ներկա գտնվել և լուսաբանել մեր խաղաղ ակցիան, որպեսզի հասարակության ձայնը լսելի դառնա։
Հարգելի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, խնդրում ենք չմասնակցել հավաքին և որևէ կերպ չքաղաքականացնել այն։
Ապրիլի 9-ին՝ ժամը 12:00-ին,
ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ ՀՀ ք. Երևան, Վազգեն Սարգսյան փ. 5
Մի՛ լռեք։ Միացե՛ք։
Ազատությո՛ւն Դավիթ Մինասյանին։»