ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի հրթիռակոծությունները, եթե Թեհրանը անհապաղ բացի Հորմուզի նեղուցը։ Իրանը, իր հերթին, հաստատել է իր պատրաստակամությունը համաձայնելու հրադադարին, բայց առաջադրեց մի շարք պայմաններ։
«Ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա հարձակումներն ու հրթիռակոծումը», — գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։
Նա ասել է, որ Իրանից ստացել է «10 կետից բաղկացած առաջարկ», որը համարում է «բանակցությունների աշխատանքային հիմք»։ Թրամփը նշել է, որ այդ երկու շաբաթն անհրաժեշտ է վերջնական համաձայնության հասնելու համար։
Պակիստանը, որը Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդես է գալիս որպես միջնորդ, հայտարարել է, որ երկու կողմերին էլ ներկայացրել է խաղաղության առաջարկ՝ պահանջելով, որ Վաշինգտոնը երկու շաբաթով դադարեցնի հրթիռակոծությունները, իսկ Թեհրանը բացի նեղուցը։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև նախկինում առկա վիճելի հարցերի գրեթե բոլոր կետերը լուծվել են, բայց երկշաբաթյա ժամանակահատվածը թույլ կտա վերջնականապես հաստատել և իրականացնել համաձայնագիրը», — գրել է ԱԿՆ նախագահը։
Թրամփի հայտարարությունից մոտ մեկ ժամ անց Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդը հայտարարել են, որ Թեհրանը համաձայնել է երկշաբաթյա հրադադարի հաստատմանն ու Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսմանը։ Արաղչին նշել է, որ նավագնացությունը հնարավոր կլինի «Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ՝ հաշվի առնելով տեխնիկական սահմանափակումները »։
Իրանի պետական հեռուստատեսությունը գրեթե անմիջապես հաղորդել է Թրամփի հայտարարությունը, ներկայացնելով իրավիճակը հետևյալ կերպ. «Թրամփը հայտարարել է երկշաբաթյա հրադադարի մասին՝ ընդունելով պատերազմը դադարեցնելու Իրանի պայմանները»։ Նաև նրա հայտարարությունը անվանել է «հակաիրանական հռետորաբանությունից նվաստացուցիչ նահանջ»։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ հրադադարը ուժի մեջ է մտել «անմիջապես»։ Նա ասել է, որ կողմերը այն վերջնականապես հաստատել են Թրամփի վերջնագրի ժամկետը լրանալուց ընդամենը 10 րոպե առաջ։
Իսրայելի կառավարությունն իր դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ-ի և Իրանի հայտարարությունից մի քանի ժամ անց:
Բենյամին Նեթանյահուի կառավարության հայտարարության մեջ նշվում էր, որ Իսրայելը աջակցում է Թրամփի որոշմանը՝ երկու շաբաթով դադարեցնել Իրանի վրա հարվածները, եթե Իրանը անհապաղ բացի «նեղուցները» և դադարեցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա հարձակումները: Հայտարարությունն ավարտվում է հետևյալ կերպ. «Երկշաբաթյա հրադադարը չի ներառում Լիբանանը»։ Մինչդեռ, Իրանի և Պակիստանի վարչապետերի հայտարարություններում նշվում է, որ հրադադարը վերաբերում է նաև Լիբանանին։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի կունենան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։