
«Թելի իրադարձությունը. տեքստիլի համաշխարհային պատումներ» խորագրով ցուցահանդեսը Գերմանիայի արտաքին մշակութային կապերի ինստիտուտի նախաձեռնությունն է, որն արդեն հասցրել է շրջել բազմաթիվ երկրներում։ Նախագծի առանցքային առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր հյուրընկալող երկրում ցուցադրությունը համալրվում է տեղացի արվեստագետների՝ տեքստիլին առնչվող աշխատանքներով։


Ավելին՝ հաջողված և ձեռքբերված գործերը դառնում են հավաքածուի մշտական մասն ու շարունակում իրենց ուղին միջազգային հարթակներում։ Տեքստիլի պատմությունն ունի հազարամյակների խորքից եկող արմատներ, և այս ցուցադրության նպատակն է վերհանել դրա սերտ կապը մշակութային ժառանգության ու ինքնության հետ։ Միևնույն ժամանակ, այն ընդգծում է տեքստիլի դերը ժամանակակից աշխարհում։