Պեռաշկին ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ձեր խորհրդարանական գործունեության մայրամուտն ենք հիմա մենք տեսնում, և ակնհայտ է, որ պեռաշկին, այնուամենայնիվ, ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում իշխող ՔՊ խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմադիրներին:


Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին ընդդիմությունը պտտվում է պեռաշկու շուրջ:


«Պեռաշկին դարձել է ձեր առանցքը: Ոնց է Երկիր մոլորակը պտտվում իր առանցքի շուրջը, եթե մենք ձեր առանցքից հանենք պեռաշկին, դուք կքանդվեք: Մինչև էդ էլ նենց չէր, որ տենց մի բան էիք: Եթե լուրջ քաղաքական կշիռ ունենայիք, ձեր առաջնորդը կլիներ մի պատկառելի դաշնակցական, օրինակ՝ ձեզանից որևէ մեկը: Փոխարենը Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ցավոք, 135-ամյա Դաշնակցությունը մարդ չի գտել, որ իրեն առաջնորդի՝ դաշնակցականների մեջ: 

Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, ասաց՝ այդ դրույթը մեր Սահմանադրության մաս է:

Պատասխանելով ընդդիմության մեղադրանքներին՝ պարզաբանեց՝ նրանց մեկնաբանությունները, թե սա կարծես օդից կամ ուրիշ մոլորակից է եկել ու հայտնվել այստեղ, այդպես չէ:

«Դուք շատ լավ հասկանում եք, որ սա մեր օրենսդրության մաս է, և հիմա մենք այդ օրենսդրությունն ամբողջական դարձնելու և Հայաստանում ընտրությունները համամասնական ընտրակարգի տրամաբանությամբ քաղաքական դարձնելու, անձերից անդին քաղաքական ընտրություններ կազմակերպելու տեսանկյունից նաև անում ենք այս փոփոխությունը»,- ասաց Կոնջորյանը:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է արտահերթ նիստ: Օրակարգում 4 նախագիծ է ընդգրկված, որոնք պետք է ընդունել հրատապության կարգով՝ 24-ժամյա ռեժիմով:

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրություններով, և նախքան ընտրությունները պետք է դրա կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել: Առաջինը Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծն է:

«Երկու կոմպոնենտ ունի նախագիծը. մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը՝ կուսակցությունների անվանումներին»,- պարզաբանել էր Ջուլհակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment