Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում, առաջարկվում է 24-ժամյա ռեժիմով ընդունել մի շարք նախագծեր, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։
Փոփոխություններից մեկով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ կա միջազգային պրակտիկա, ըստ որի՝ ընտրություններից մեկ տարի առաջ «խաղի կանոնները չեն փոխում»: Ի պատասխան՝ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը ունի նման ռեկոմենդացիա, որը, սակայն, վերաբերում է միայն հիմնարար կանոններին:
Նշենք, որ այս օրենսդրական նախաձեռնության առիթով ԱԺ-ի դիմաց այսօր հավաք է նախատեսել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը՝ նշելով. «ԱԺ-ում փորձում են անցկացնել մի օրենք, որը կվերացնի Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հնարավորությունը»: