Իրանի Հարավային Պարս գազային հանքավայրի տարածքում գտնվող նավթավերամշակման գործարանը ենթարկվել է Իսրայելի օդային հարվածին, հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Պայթյունների շարք է գրանցվել Ասալուիե ափամերձ քաղաքի մոտակայքում, որը համարվում է իրանական գազային արդյունաբերության կենտրոնը: Այս տարածաշրջանը Հարավային Պարս գազային հանքավայրի մաս է կազմում՝ աշխարհում գազի ամենամեծ հայտնի պաշարներով, որն ապահովում է Իրանի ընդհանուր գազամատակարարման մոտ 70 տոկոսը:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ապրիլի 6-ին հայտարարել է, որ Իսրայելը հարված է հասցրել Ասալուիեում գտնվող Հարավային Պարս նավթաքիմիական գործարանին: Նրա խոսքով՝ հարվածի թիրախում է եղել «Իրանում ամենամեծ նավթաքիմիական գործարանը, որը պատասխանատու է երկրի նավթաքիմիական արտադրանքի մոտ 50 տոկոսի համար»:
Այս տարածաշրջանում իրանական օբյեկտն արդեն իսկ թիրախավորվել էր Իսրայելի կողմից մարտի կեսերին, ինչն այն ժամանակ որակվում էր որպես լուրջ էսկալացիա: Այդ հարվածին ի պատասխան՝ Իրանը հարձակվել էր Կատարի գազային օբյեկտի վրա՝ պատճառելով զգալի վնաս:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ինքը նախապես տեղեկացված չի եղել այդ հարվածի մասին, սակայն հավելել էր, որ Իսրայելը խոստացել էր ձեռնպահ մնալ Հարավային Պարսում իրանական զգայուն գազային օբյեկտներին հարվածելուց: Սակայն դրանից հետո Թրամփն ինքն է սպառնացել թիրախավորել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, եթե Թեհրանը մինչև երեքշաբթի օրվա վերջնաժամկետը չբացի Օրմուզի նեղուցը:
