Փոխնախարար․ Վերջին 4 տարում զորակոչվածների թիվն աճել է մոտ 25 %-ով

Փոխնախարար․ Վերջին 4 տարում զորակոչվածների թիվն աճել է մոտ 25 %-ով

6 ապրիլի 2026 – 17:58 AMT

PanARMENIAN.Net – Վերջին 4 տարում զորակոչի ցուցանիշները 2022-ի համեմատ աճել են մոտ 25 տոկոսով՝ պայմանավորված մի շարք օրենսդրական փոփոխություններով, հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։

«2023-ից 2026 ընկած ժամանակահատվածում մեր զորակոչվածների թիվը 2022 զորակոչի համեմատ աճել է մոտ 25 տոկոսով։ Այսինքն՝ եթե շարունակենք նույն տեմպով և բարելավենք իրավակարգավորումները, ապա պատգամավորի կողմից ներկայացվող մտահոգիչ պատկերը չենք ունենա»,- ասել է Սարգսյանը, հայտնում է Արմենպրեսը:

Փոխնախարարը նաև քննադատել է նախագծում ներառված մի շարք դրույթներ, մասնավորապես՝ գումարի դիմաց ծառայությունից ազատման մեխանիզմը՝ նշելով դրա սահմանափակ արդյունավետությունը։

«Եթե պայմանական 3000 մարդ օգտվի գումարի դիմաց ծառայությունից ազատվելու հնարավորությունից, դա չի նշանակում, որ նույնքանով կավելանա զորակոչը։ Դա կարող է ապահովել բյուջետային մուտքեր, սակայն չի լուծում զորակոչի թվի ավելացման խնդիրը»,- նշել է նա։

Արման Սարգսյանը հավելել է, որ վերջին շրջանում դրական տեղաշարժեր են արձանագրվել նաև պայմանագրային ծառայության ոլորտում։

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայության անցածների թիվը հատել է 5300-ը, ինչը վկայում է դրական շարժընթացի մասին և միտված է պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը»,- ասել է փոխնախարարը։

Կառավարության դիրքորոշումը ներկայացնելով՝ նա կոչ է արել հանձնաժողովին ձեռնպահ մնալ նախագծին դրական եզրակացություն տալուց։

Սարգսյանն ասել էր, որ զորակոչը կրիտիկական վատ վիճակում է:

«Զորքի թիվը 14 տարում 44 հազարից իջել է 14 հազար։ Ասում եմ՝ եկեք միջոց ձեռնարկենք»,- ասել է Սարգսյանը։

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին տվել է բացասական եզրակացություն։

Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում է, որ 18-32 տարեկան քաղաքացիները կարճաժամկետ ծառայության դեպքում վճարեն որոշակի գումար․ մեկ ամիս ծառայելու դեպքում՝ 24 մլն դրամ, իսկ 4 ամիս ծառայելու դեպքում՝ 18 մլն դրամ։ Բացի այդ, առաջարկվել է մինչև 16 տարեկանը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրքը սահմանել 15 մլն դրամ, իսկ պարտադիր ծառայության առավելագույն տարիքային շեմը բարձրացնել մինչև 32 տարեկան։

Leave a Comment