Արարատի մարզի Հայկազ Ճգնավորյանի անվան N5 հիմնական դպրոցի միջին և ավագ դասարանների աշակերտները հյուրընկալվել են Քննչական կոմիտեում:Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՔԿ-ից։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար:
Արսեն Այվազյանը կարևորել է քննիչ-ուսանող, քննիչ-աշակերտ շփումը՝ նշելով, որ իրազեկման նպատակով քննիչների կողմից այցեր են իրականացվել Հայաստանի Հանրապետության տարբեր դպրոցներ։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն աշակերտներին ներկայացրել է Քննչական կոմիտեի կառուցվածքը, քննիչի աշխատանքի էությունը, առանձնահատկություններն ու բարդությունները:
Կարևորելով դեռահասների իրավագիտակցության բարձրացումը և օրինապաշտ վարքագծի խրախուսումը՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Էդուարդ Թումաղայանն աշակերտներին տեղեկություններ է փոխանցել երեխաների թրաֆիքինգի և դրա դրսևորումների, սառը զենք կրելու հետևանքների, քրեական ենթամշակույթի և դրա դեմ պայքարի, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելու վերաբերյալ:
Տեղի ունեցած ակտիվ հարցուպատասխանի ընթացքում սպառիչ պատասխաններ են տրվել աշակերտների բոլոր հարցերին։
Հանդիպման շրջանակում աշակերտները շրջայց են կատարել Քննչական կոմիտեի վարչական շենքում։