6 ապրիլի 2026 – 10:19 AMT
PanARMENIAN.Net – ԵՄ-ին անդամակցելու դեպքում, ՀՀ-ն ավիահաղորդակցություն չի ունենա ՌԴ հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ներկայումս Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, հետևաբար մենք չենք ունենա ավիահաղորդակցություն Հայաստանի հետ», – ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները պետք է հաշվի առնեն Երևանի կողմից Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության հնարավոր հետևանքները, հայտնում է Ren.Tv-ն:
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, ապա դա տեղի կունենա, որովհետև ընդունվել են Եվրամիության հետ մերձեցման վերաբերյալ որոշումներ», – նշել է Օվերչուկը։
Նա նաև նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչ արդյունքների կհանգեցնի Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը։
Ապրիլի 2-ին, Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանը հասել է այն սահմանագծին, որից հետո Ռուսաստանը կարող է վերանայել նրա հետ տնտեսական համագործակցության գործող ձևաչափը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահել հետաքրքրվել Հայաստանի քաղաքական ծրագրերով՝ երկրի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում փորձել հստակեցնել մեր գործընկերների հետ, իսկապես քննարկել նրանց ծրագրերը (Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում)», – ասել է նա «Վեստի» լրատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին։
Կրեմլի ներկայացուցիչը ընդգծել է, որ Հայաստանը և Ռուսաստանը կապված են խոր պատմական կապերով, և այդ պատճառով Երևանի ընտրած քաղաքական ուղին հանդիսանում է Մոսկվայի բարձր հետաքրքրության առարկա, հայտնում է Interfax.ru-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Հայաստանում առկա են բազմաթիվ ռուսամետ քաղաքական ուժեր և գործիչներ, ինչպես նաև նշել է, որ նրանցից ոմանք գտնվում են ազատազրկման մեջ։
«Ես Ձեզ բացահայտ կասեմ՝ մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն և ուղիղ։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին»,-ասել է Պուտինը: