Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպով կալանավորված Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն այսօր, երեկվա համեմատ, ավելի վատ էր, հայտնել է Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Փաստաբանը նշել է, որ Դավիթն այսօր ունեցել է գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում:
«Միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է», – գրել է Մարտիրոսյանը։
Մարտի 29-ի պատարագի ժամանակ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Տեսանյութի կադրերը փաստում են, որ երբ վարչապետը մոտեցել էր խորանին, ներկա գտնվող հավատացյալներից ոմանք դժգոհություն էին հայտնել նրա՝ կենտրոնում կանգնելու որոշման առթիվ։
Երբ Փաշինյանն անցել էր 18-ամյա Դավիթ Մինասյանի կողքով, վերջինս քննադատական խոսքեր էր ուղղել նրան, ինչից հետո վարչապետի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածել էր երիտասարդին։ Միջադեպի հետևանքով բերման էին ենթարկվել Մինասյանը, նրա եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։
Ավելի ուշ վերջին երկուսն ազատ էին արձակվել, իսկ Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվել էր։ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց հետո երիտասարդի առողջական վիճակը վատթարացել էր, ինչի պատճառով նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն։
