Իրանի բարձրագույն օպերատիվ հրամանատարությունը խիստ նախազգուշացում է հղել Միացյալ Նահանգներին և Իսրայելին՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում ագրեսորների առջև կբացի «դժոխքի դարպասները». հայտնում է Press TV-ն։
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, որը համակարգում է Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) միջև գործողությունները, շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ։
«ԱՄՆ ագրեսիվ և պատերազմ հրահրող նախագահը, կրելով բազմաթիվ պարտություններ, դիմել է հուսահատ, նյարդային, անհավասարակշիռ ու հիմար քայլի՝ վտանգի տակ դնելով մեր երկրի ենթակառուցվածքները և ազգային հարստությունը»,- ասել է նա՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները։
Հրամանատարն ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը կատարել են ստանձնած բոլոր պարտավորությունները՝ փետրվարի 28-ից ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումների սկսվելուց ի վեր։
«Պարտադրված պատերազմի հենց սկզբից մենք գործել ենք մեր ասածներին համապատասխան։ Այս ուղերձի պարզ իմաստն այն է, որ ձեր առջև կբացվեն դժոխքի դարպասները»,- հայտարարել է նա։
Գեներալ-մայոր Աբդոլլահին նախազգուշացրել է, որ թշնամու ցանկացած ագրեսիա կհանգեցնի «կործանարար և տևական հարվածների» այն բոլոր ենթակառուցվածքներին, որոնք օգտագործում են «ահաբեկչական ամերիկյան բանակը և սիոնիստական վարչակարգը»։
Հրամանատարն ընդգծել է Իրանի վճռականությունը. «Մենք՝ զինված ուժերս, ոչ մի վայրկյան չենք վարանի մեր ազգի իրավունքների պաշտպանության և մեր ազգային հարստության պահպանման հարցում և յուրաքանչյուր ագրեսորի իր տեղը ցույց կտանք»,- ասել է նա։