«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց, որ չեն մասնակցելու խորհրդարանական հերթական ընտրություններին: Չմասնակցելու նպատակներից մեկը, ըստ նախագահի, այն է, որ ընդդիմությունն է՛լ ավելի չպառակտվի: ՀՀԿ-ի այս որոշումն ինչպե՞ս կգնահատեք:
– Բազմիցս եմ ասել, որ ընտրություններին ընդդիմություն ու իշխանությունը չեն մասնակցում, դա քաղաքական ուժի կարգավիճակն է պետական կառավարման համակարգում, ընտրություններին մասնակցում են կոնկրետ իրավաբանական անձի կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք: Երրորդ նախագահը որ ասում է՝ չպառակտենք ընդդիմությունը, ի՞նչ է նշանակում, այսինքն՝ արևմտամետների՞ն, թե՞ ռուսամետներին չպառակտեն: Գաղտնիք չէ, որ ընտրություններին մասնակցող ուժերից մեկը՝ «Միասնության թևերը», ասոցացվում է հենց ՀՀԿ-ի հետ, որքան էլ ասեն՝ մենք իրար հետ կապ չունենք, այնուամենայնիվ, լրատվական դաշտում արդեն այդ կապի մասին խոսվում է, ու անուղղակի մասնակցությունը արդեն կա:
– Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ որոշվեց անուղղակի մասնակցություն ունենալ այս անգամ:
– ՀՀԿ-ի խնդիրը մի քիչ երկար խաղալու մեջ է, նրա խնդիրը 2026 թվականին խորհրդարանում փոքր խմբակցություն ունենալը չէ, որքան ես եմ հասկանում, նրանք խաղադրույքը 2031 թվականի համար են կատարում: Որովհետև սա երկրորդ նախագահի վերջին հնարավորությունն է, նա հունիսի 7-ից հետո արդեն խաղից դուրս կգա, ու հետո արդեն 2031 թվականի համար նոր՝ այլ ուժերի կոնֆիգուրացիա կլինի, ամբողջովին նոր սերունդ կգա, ու այդ դեպքում արդեն բացահայտ խաղադրույք կիրականացնեն:
Բայց, անկեղծ ասած,, դա այնքան էլ մեծ նշանակություն չունի, քանի որ Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, հետևաբար այստեղ ընտրություններով չի որոշվում, թե ով քանի՛ տեղ է զբաղեցնելու, ինչպես ասում են, ներքին պայմանավորվածություններով է որոշվելու: Սրա համար է, որ ՀՀԿ-ն չի ուզում անիմաստ ռեսուրս վատնել, անուղղակի կաջակցի «Միասնության թևերին» ու կսպասի 2031 թվականին, երբ արդեն ավելի մեծ շանսեր կլինեն՝ ներքին պայմանավորվածությամբ իշխանափոխություն անելու:
–Այսինքն՝ հիմա չկա՞ այդ ներքին պայմանավորվածությունը, որ այս տարի Հայաստանում իշխանափոխություն լինի, ինչպես դուք եք նշում։
– Չէ՛, այսօր չկա ներքին պայմանավորվածություն, որովհետև իշխանափոխությունը լինում է Սահմանադրության շրջանակներում երկու տարբերակով՝ կա՛մ ընտրություններով, կա՛մ ոչ ընտրական գործընթացներով: Քանի որ Հայաստանում ընտրությունների մեխանիզմը չի աշխատում, սկսած 1995 թվականից, երբ դիտարկեք, կտեսնեք, որ բոլոր ութ անգամն էլ, երբ ՀՀ-ում անցկացվել է խորհրդարանական ընտրություն, մեծամասնություն է ունեցել այն ուժը, որը տվյալ պահին երկրում եղել է գործադիր իշխանություն:
Սա օրինաչափություն է դարձել, բայց ինքնին օրինաչափ չէ, չի կարող ժողովուրդը 30 տարի քվեարկել իշխող քաղաքական ուժի օգտին: Կա՛մ այդ ժողովուրդն է աննորմալ, կա՛մ ընտրական մեխանիզմը չի աշխատում, ես չեմ կարծում, որ ժողովուրդն աննորմալ է, բնականաբար, ընտրական մեխանիզմը չի աշխատում: Եթե ընտրական մեխանիզմը չի աշխատում, դա նշանակում է, որ իշխանափոխության այլ մեխանիզմներ են աշխատում, ինչը տեսանք երկու դեպքում՝ 1998-ի պալատական հեղաշրջումը և 2018-ի իշխանափոխությունը՝ արտաքին ճնշմամբ: Հետևաբար ասել, որ ընտրություններով ՀՀԿ-ն կարող է գալ ու իշխանափոխություն անել կամ հաջողություն ունենալ, տրամաբանական չէ:
Օրեր առաջ ՀՀ վարչապետը Մոսկվայում հասկացրեց, որ ռուսամետ ուժերը հաղթանակ չեն տանելու, ինքը շարունակելու է վարչապետ մնալ, հասկանալի է, որ ՀՀԿ-ի մասնակցությունը դառնում է անիմաստ: Ա՛յ երբ կգա 2031 թվականը, ՀՀ վարչապետն իր առաջ դրած ամբողջ խնդիրները, որ ստացել է Արևմուտքից, կատարած կլինի, այս դեպքում արդեն ներքին պայմանավորվածություններով ՀՀԿ-ն կարող է խորհրդարանում մեծամասնություն ստանալ:
– Պարո՛ն Բադալյան, այսինքն, հունիսի 8-ին սահմանադրական մեծամասնություն ՔՊ-ն է ստանալու՞:
– Եթե մինչև հունիսի 7-ը Հայաստանում գործադիր իշխանության փոփոխություն չեղավ, ապա հունիսի 8-ին շատ մեծ է հավանականությունը, որ այն օրինաչափությունը, որ սկսվել է 1995-ին, շարունակվում է, որովհետև ասացի, որ ընտրությունների այդ ինստիտուտը ջարդված է, չի աշխատում:
– Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մինչև հունիսի 7-ը գործադիրում կարող է փոփոխություն լինել:
– Կերեք, բայց դրա մասին արդեն թող ընտրություններին մասնակցող ուժերը մտածեն, ես ընդամենն ասում եմ, որ ընտրական մեխանիզմը չի աշխատում: Շատերի մեջ կա այն պատկերացումը, որ հեսա Գյումրի 2 են անելու: Չէ՛, չեն կարող անել, որովհետև պետք է հասկանալ, որ Գյումրին համայնքային ընտրություն էր, որով աշխարհաքաղաքական որևէ հարց չէր լուծվում, իսկ համապետական ընտրությունը կապված է աշխարհաքաղաքական զարգացումների ու հարցերի հետ:
Բացի իմ նշած օրինաչափություն դարձած երևույթից՝ Հայաստանում արդեն ավելացել են հետևյալ գործոնները, որ այս իշխանությունն ամեն կերպ ուզում է վերարտադրվել, որ հետագայում պատասխանատվության չենթարկվի․ ԵՄ-ն բացահայտ ասում է, որ այստեղ մոլդովական սցենար են կիրառելու, այսինքն՝ բացահայտ աջակցում են գործող իշխանությանը:
Երրորդ՝ ՀՀ-ում ամբողջ էլիտան չէ, որ ուզում է իշխող քաղաքական ուժի հեռացումը, մի մասն ուզում է խորհրդարանում տեղ ունենալ, մի մասն աշխատում է 2031 թվականին հաջողություն ունենալու համար: Ինչ վերաբերում է հասարակությանը, նա կարող է գնալ քվեարկել, բայց ոչ մի պոտենցիալ չունի, որովհետև եթե քվեարկության արդյունքները կեղծվեն, ապա նա չի կարող որևէ բան անել, ինչպես եղավ Գյումրիում, երբ շատ քվե ստացած քաղաքապետին կալանավորեցին, մեկ օր բողոքի ցույց արեցին, գնացին տուն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am