Ուրբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որի օգտին քվեարկելու խնդրանքով նախաբանում մի լալահառաչ տեքստ է գրել Նիկոլ Փաշինյանը՝ «Ձեր Նիկոլ» ստորագրությամբ։
Նիկոլին ունենալու բերկրանքով տարված ընտրող-ընթերցողները, իհարկե, չեն հիշի, որ այդ ծրագրի հրապարակումից մեկ օր առաջ «իրենց Նիկոլը» տրակտատ էր կարդում վարչապետի ինստիտուտի ու վարչապետի՝ այլ քաղաքացիներից տարբերվելու մասին՝ հընթացս սպառնալով, որ «պետություն ներկայացնող վարչապետի» պաշտպանության համար անվտանգության աշխատակիցները կարող են մարդկանց ծեծի ենթարկել, զենք գործադրել, տո եթե պետք լինի՝ ուտեն էլ։ Բայց քանի որ ՔՊ-ին ընտրողները ո՛չ ընթերցողներ են, ո՛չ էլ՝ դասական իմաստով՝ ընտրողներ, նրանց՝ նախընտրական ծրագրի հետ ծանոթացման վտանգը չի սպառնում։
Իսկ նախընտրական ծրագրում առանձնապես ծանոթանալու բան չկա։ Դա վերջին մի քանի տարիներին անձամբ Փաշինյանի ու նրա քարոզչական գումարտակի ապապետական, հակապետական, անազգային ու կերակրապաշտ զառանցանքների հավաքածուն է՝ ընդամենը ներկայացված նախընտրական ձևաչափով։
Այդ տեքստում կա ԸՆԴԱՄԵՆԸ մեկ բառ, որն անկյունաքարային նշանակություն ունի մի կողմից՝ Փաշինյանի համար՝ Հայաստանին, Արցախին ու հայկականությանը պատճառած բոլոր աղետներից հետո իշխանությունը պահպանելու հարցում, մյուս կողմից՝ հասարակության համար՝ անցած տարիներին ապրված, ապրված, բայց չգիտակցված ողբերգությունները հասկանալու համար։ Ծրագրի նախաբանում կարդում ենք այն, ինչից հետո մնացած լավաշը կարդալը ոտնձգություն է ընթերցողի բանականության հանդեպ։
«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, (2021թ.) արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»։
Հենց այս նախադասության մեջ է այն միակ բառը, որն անիմաստ է դարձնում ծրագրի մնացած 5255 բառերը։ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ։ Այս մեկ բառում խտացված է վերջին հարյուրամյակի հայ ժողովրդի ողբերգությունների ողջ ծանրությունը և մինչև օրս ողբերգությունները հանդուժելու համազգային ամոթը։ Այս բառով «ձեր Նիկոլը» ասում է՝ չնայած կորցրել ենք երեքհազարամյա Արցախը, չնայած դրա համար զոհվել են մոտ 5000 երիտասարդներ, չնայած Հայաստանի ռազմավարական բարձունքների մի մասը վերածվել է տեսարժան վայրերի՝ ադրբեջանական զինուժի համար, չնայած Հայաստանի ճանապարհները հարմար գնով վարձակալության ու անվանակոչության ենք հանձնում առաջին պատահածին ու էլի անհաշիվ չնայածներ․․․ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, «խաղաղ զարգացման դարաշրջան բացելը․․․»։
Վերջին չորս բառերից կազմված արտահայտությանը կնախանձեին Կաֆկան, Բեքեթը կամ սյուրռեալիզմի ցանկացած այլ մասնագետ։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում, որի ամենահիմնական բնութագրիչը պատերազմի ամենօրյա ռիսկն է։ Այս պայմաններում ոչ թե ուղղակի զարգացման, այլ «խաղաղ զարգացման» մասին խոսելը, մեղմ ասած, քաղաքական ինֆանտիլություն է։ Իսկ գոյություն չունեցող սուբստանտը բացելու մասին հայտարարությունն արդեն ոչ թե քաղաքական, այլ հոգեբուժական վերլուծության տիրույթի հարց է։
ՔՊ-ի նախընտրական ծրագրին հայ հասարակությանը միակ ու վերջին պատասխանը, նույն այդ ծրագրի միակ բառով կարող է լինել՝ չնայած անհեթեթությունների գեղեցիկ թվացող շարադրանքին, Նիկոլը պետք է հեռանա։
Որպեսզի նաև, ի վերջո, պարզվի՝ ո՞ւմն էր/է «ձեր Նիկոլը»։
Հ․Գ․ Դիվային զուգադիպությամբ կամ գուցե պլանավորված սատանայականությամբ ՔՊ-ի նախընտրական ծրագիրը հրապարակվել է ապրիլի 3-ին՝ Ավագ ուրբաթ՝ քրիստոնյաների համար ամենատխուր՝ Քրիստոսի խաչելության օրը։