«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը
– Տիկի՛ն Պողոսյան, բժիշկներն ահազանգում են, որ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից բուժկենտրոններին ուղարկվել է շրջաբերական: Ըստ այդմ՝ արձանագրվել են նեղ մասնագիտական ուղեգրումների գործընթացում նկատված խախտումներ և պահանջել դրանց շտկում՝ սահմանելով նաև հնարավոր պատժամիջոցներ։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, կխնդրեմ մանրամասնեք շրջաբերականի բովանդակությունն ու հետևանքները:
– Փաստաթղթում հղում է արվում ՀՀ Կառավարության 2025 թ. դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշմանը, որով սահմանվում են այն դեպքերը, որոնք ենթակա են ամբուլատոր բուժման, և հստակեցվում է հիվանդանոցային ուղեգրման շրջանակը: Հիմնադրամի կողմից իրականացված մոնիթորինգի համաձայն՝ 2026-ի առաջին եռամսյակում «Արմեդ» համակարգում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, որոնք չեն համապատասխանում սահմանված կարգին։ Խոսքը այն ուղեգրումների մասին է, որոնք ներկայացվել են փոխհատուցման, սակայն իրականացվել են ընթացակարգային շեղումներով։
Շրջաբերականով բժշկական կազմակերպություններից պահանջվում է՝ սեղմ ժամկետում իրականացնել դեպքերի վերանայում, ուղղել կամ վերանայել շեղումներով իրականացված ծառայությունները։ Նշվում է նաև, որ պահանջների չկատարման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ՝ համաձայն 1980-Ն որոշման և պայմանագրային պարտավորությունների։
Այս միտումը, երբ բժիշկների առաջ ուղեգրումների և այլնի հետ կապված որոշակի արգելքներ են դնում, կար դեռ պետպատվերի ժամանակ: Ես դրան անդրադարձել էի, երբ անցած տարվա կեսերին բժիշկներին պետպատվերով դժվարամատչելի ուղեգրումների հիմնավորում իբր չլինելու պատճառով սկսեցին տուգանել, ու Պետական առողջապահական գործակալության կողմից ամեն բժիշկ տուգանվեց 50 հազար դրամի չափով:
Հիմա նույն միտումը կիրառում են արդեն ապահովագրության ժամանակ: Կոնկրետ դեպքում տուգանքը լինելու է փոխհատուցված գումարի չափով, այսինքն՝ եթե ապահովագրությունը իքս դեպքի համար ենթադրում է 10 հազար դրամի փոխհատուցում, ապա դա հետ են վերցնելու, եթե իրենք որոշեն, որ բժիշկը, օրինակ, ըստ իրենց, 30, 40, անհասկանալի ուղեգրում է արել: Նման կարգավորումները կարող են սահմանափակել բժշկի մասնագիտական անկախությունը։
Ուղեգրումների սահմանափակումը կարող է հանգեցնել հիվանդների ուշացած հոսպիտալացման, բժիշկները կարող են խուսափել որոշումներ կայացնելուց՝ հնարավոր պատժամիջոցներից ելնելով, վարչական վերահսկողությունը կարող է գերակշռել բժշկական անհրաժեշտության նկատմամբ։
Կոնկրետ անցած ամիս ես խոսեցի ֆինանսական բաղադրիչի մասին, որ 2 միլիարդ 900 հազար դրամի վերաբաշխում են արել միայն մինչև փետրվարի վերջը փոխհատուցում տալու համար: 2 միլիարդ 900 հազարից 2 միլիարդ 500 հազարն արդեն պահուստային ֆոնդից են վերցրել, իսկ 400 միլիոնը տարբեր ծրագրերի վերաբաշխման համար են կատարել, այսինքն՝ կանխարգելման ծրագրից վերցրել դրել են այլ ծրագրերի վրա, որ ապահովագրության շարունակականություն ապահովեն: Հասկանալով, որ ապահովագրական այս հոսքը չեն կարողանում կառավարել, ունեն ֆինանսի խնդիր, դրա դառը հետևանքը դրել են բժիշկների վրա:
– Բայց բուժհաստատությունները կամ բժիշկները այդ վիրահատությունները նախապես նրանց հետ չե՞ն հաստատում:
– Չէ, վիրահատությունների համար հերթագրման սկզբունք են սահմանել ու ըստ այդմ էլ արվում են, քանի որ իրենց պետք էր, որ ապահովագրության մեկնարկը շատ բուռն լինի, հասկանալի է թե ինչու, նախընտրական խնդիր ունեին լուծելու, որ հայտարարեն՝ իրենք միակ իշխանությունն են, որ ապահովագրության ներդրում են արել, իրենք չդրեցին այդ ֆիլտրը:
Մասնավոր կենտրոնների շատ սեփականատերեր խոսք տվեցին նախարարին, որ իրենք թև ու թիկունք կլինեն այդ ծրագրին, ու ստացվեց այն, որ մարդիկ իրենց տարիների առողջական խնդիրները, որոնք այդքան էլ հրատապ բուժում չէին պահանջում, բայց քանի որ ապահովագրության շահառու էին, դիմեցին ու այդ վիրահատությունները անսահման շատ ու առանց պլանավորման կատարվեցին, ինչի հետևանքով մենք ունեցանք այն, ինչ ունենք:
Հաշվի չառան բյուջեի սահմանափակումները, իսկ ապահովագրությունը բյուջեի մասին է: Այս ամենը խոսում է չհաշվարկված, հախուռն որոշման մասին, իսկ հիմա մենք ունենք շահառուներ, որոնք ստացել են բժշկական օգնություն, բայց կարող էին սպասել, և կան շահառուներ, որոնք չեն կարող սպասել, բայց չեն ստանալու բժշկական օգնություն, որովհետև անասելի հերթեր են գոյացել:
– Ստացվում է, որ սա անում են, քանի որ կա ֆինանսական խնդիր լուծելու անհրաժեշտությո՞ւն, տիկի՛ն Պողոսյան:
– Փորձում են նման կարգավորումներով հոսքերը քչացնել դեպի հիվանդանոցներ, ինչպես նաև կարգավորել, որ ընտանեկան բժիշկների կողմից չլինեն ավել խորհրդատվությունների մուտքեր, որոնք ենթադրում են նաև ֆինանսական հոսքեր: Փորձում են ծառայությունների ֆինանսական բաղադրիչը նվազեցնել, որպեսզի կարողանան ստեղծված իրավիճակից դուրս գալ: Բայց ես չեմ կարծում, թե այս կերպ կարողանալու են այդ խնդիրները լուծել:
Քրիստինե Աղաբեկյան