Արմավիրում նախապատրաստվում են ոռոգման սեզոնին — Հայաստանի Հանրային Ռադիո

Արմավիրի մարզի ջուրօգտագործողների ընկերությունները պատրաստվում են ոռոգման սեզոնին՝ մաքրում են ջրանցքները, վերականգնում ոռոգման միջտնտեսային ու ներտնտեսային ցանցերը: Մարզի ջրատարների մեծ մասը հիմնանորոգման կարիք ունի: Փետրվարից սկսվել են նորոգման աշխատանքները, բայց տեղումների պատճառով դրանք երբեմն ձգձգվում են:     

Վաղարշապատ ու Արաքս համայնքների հողատարածքների ոռոգումն Արմավիրի ու Բաղրամյանի համեմատ ավելի վաղ է սկսվում։ Այդ տարածքների գյուղերում ելակը, կարտոֆիլը, կանաչեղենն  ու այլ բանջարեղենը հիմնականում ջերմոցներում կամ պոլիէթիլենային ծածկի տակ են աճեցնում: «Էջմիածին» ՋՕԸ տնօրեն Նվեր Պետրոսյանն ասում է, որ ոռոգումը իրենք ինքնահոս ու մեխանիկական եղանակով են կազմակերպում:

«Մեր սպասարկման տարածքում, թեև ոչ բոլոր բնակավայրերում, բայց մեծամասնությունում ոռոգումը սկսում ենք փետրվարից: Մենք ունենք 175 խորքային հոր, բայց հիմնականում ոռոգումը կազմակերպում ենք Քասախ գետից, իսկ լոկալ վայրերում, որտեղ չենք կարողանում ջրանցքից ջուր ապահովել, արդեն խոքրային հորերով ենք մատակարարում»:

Ջրանցքները, ոռոգման միջտնտեսային ու ներտնտեսային ցանցերը սկսել են մաքրել ու վերականգնել: «Էջմիածին» ՋՕԸ այդ աշխատանքների համար մրցույթ էր հայտարարել դեռ հունվարին:

«Մրցութային կարգով տարբեր կազմակերպություններ են շահել՝ ձեռքով աշխատանքների հետ կապված, էքսկավատորի, առվահանման: Մեզ մոտ վարձավճարը հաշվարկվում է մետրով, ոչ թե օրավարձով: Մենք գործընկերների հետ բանակցել ենք ու սկսել են գործը: Հիմա աշխատանքների մոտ 80 տոկոսն է կատարվել, ուղղակի, եղանակային պայմաններից ելնելով չեն կարողանում հիմա աշխատել»:

Ոռոգման ջրի սակավության պատճառով Այգեկ գյուղի հողերի զգալի մասը չի մշակվում, նորատունկ ծառերն էլ չորանում են՝ ասում է այգեկցի հողագործը:

«Ոռոգման ջուր չկա, գալիս է սեզոնն ու ծիրանի, կեռասի ծառերը չորանում են: Չենք հասցնում մշակենք, ջրենք՝ ջուր չկա: Որը որ արդեն մտնում է բերքի տակ՝ ջուր չեն տալիս, բերքն անորակ է լինում»:

Գյուղի հողերի մի մասն ամայացել է: «Էջմիածին» ՋՕԸ-ի տնօրեն Նվեր Պետրոսյանն ասում է, որ Այգեկում ոռոգման ցանցը շարքից դուրս է եկել, նորը պետք է կառուցել:

«Այգեկ գյուղում ենթակառուցվածքներ չկան, հինը կարող ենք վերանորոգել, բայց եթե վերանորոգման ենթակա է: Փարաքար խոշորացված համայնքը սուբվենցիոն ծրագրեր ունի: Ես տեղյակ եմ, որ ուզում են ամեն մի բնակավայրում և՛ կիսակողովակներ կառուցեն, և՛ խողովակներ անցկացնեն: Եթե դա կազմակերպեն ու հանձնեն մեր սպասարկմանը՝ մենք պատրսատ ենք ոռոգումով ապահովել տվյալ բնակավայրը»:

Ընկերության տնօրենը հավաստիացնում է, որ ոռոգման ջրի վարձավճարները չեն կարողանում լիովին գանձեն: Պարտաճանաչ վճարում են միայն խորքային հորերից օգտվողները, իսկ ինքնահոս ոռոգումից օգտվողները դժվարությամբ են մարում պարտքերը: Անցած տարի գանձվել է օգտագործված ջրի վարձի 67 տոկոսը:

Leave a Comment