«Կայունություն» կուսակցությունը հայտարարել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու մասին։
Կուսակցության վարչության նախագահ Ֆիրդուս Զաքարյանի խոսքով՝ որոշումը կայացվել է գաղափարական ընդհանրության և ընտրողների ձայները չփոշիացնելու նկատառումով։
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանն ապրում է իր բարդագույն ժամանակաշրջանը՝ ընդգծելով Արցախի հայաթափման, անվտանգային համակարգի խաթարման և ավանդական արժեքների ձևախեղման հետևանքները։
Քաղաքական ուժը քննադատել է գործող իշխանություններին՝ նրանց մեղադրելով հանրությանը մոլորեցնելու, սուտը պետական քաղաքականություն դարձնելու և հասարակությունը պառակտելու մեջ։
Ըստ «Կայունություն» կուսակցության՝ երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ և նոր քաղաքական ուժեր, որոնք զերծ կմնան նախկին սխալներից։ Որպես այդպիսի այլընտրանք՝ կուսակցությունը դիտարկում է Կարապետյանի առաջնորդած ուժը։
Զաքարյանը հորդորել է կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին և քվեարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։
Ավելի վաղ դաշինքին միանալու մասին հայտնել էին նաև ՀԺԱՄ, «Նոր դարաշրջան» և «Միացյալ հայեր» կուսակցությունները։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:
