«Արտեմիս II»-ը՝ ճանապարհի կեսին․ հրապարակվել են Երկրի առաջին լուսանկարները

«Արտեմիս II» առաքելության անձնակազմն արդեն անցել է Երկրի և Լուսնի միջև ընկած ճանապարհի կեսը՝ հրապարակելով այդ կարևոր փուլը տիեզերքից արված Երկրի բարձր որակի լուսանկարներով, գրում է BBC-ին։

NASA-ն հայտնել է, որ առաջին բարձր թույլտվությամբ պատկերները նկարահանվել են այն պահին, երբ «Օրիոն» տիեզերանավը դուրս է եկել Երկրի ուղեծրից և ուղղվել դեպի Լուսին։ Լուսանկարների հեղինակն առաքելության հրամանատար Ռեյդ Ուայզմանն է։

NASA-ի տվյալներով՝ տիեզերանավը Երկրից մոտ 142,000 մղոն (228,500 կմ), իսկ Լուսնից՝ մոտ 132,000 մղոն հեռավորության վրա է։ Առաքելության մասնակից Քրիստինա Քոչը նշել է, որ անձնակազմը մեծ ոգևորությամբ է արձագանքել այս կարևոր փուլին։

Առաջին լուսանկարը, որը ստացել է «Բարև, աշխարհ» անվանումը, ցույց է տալիս Երկիրը՝ Ատլանտյան օվկիանոսի կապույտ տարածություններով, մթնոլորտի փայլով և բևեռային կանաչ երանգներով։

NASA-ն նաև նշել է, որ լուսանկարում երևացող պայծառ մոլորակը Վեներան է։

Առաքելության ընթացքում «Օրիոն» տիեզերանավը շարժվում է օղակաձև ուղով, որը նրան կտանի Լուսնի հակառակ կողմով և հետ կվերադարձնի Երկիր։

Սա 1972 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ մարդիկ լքում են Երկրի ուղեծիրը՝ Apollo 17 առաքելությունից հետո։ Առաքելության մասնագետ Ջերեմի Հանսենը հայտնել է, որ շարժիչի վերջնական այրումից հետո անձնակազմը «կպել է պատուհաններին»՝ դիտելու և լուսանկարելու Երկիրը։

Նրա խոսքով՝ տեսարանն առանձնահատուկ էր, քանի որ Երկրի մութ կողմը լուսավորվում էր Լուսնից անդրադարձող լույսով։

«Օրիոն»-ը մեկնարկել է Kennedy Space Center-ից և նախատեսվում է, որ անձնակազմը ապրիլի 6-ին կանցնի Լուսնի հակառակ կողմով, իսկ ապրիլի 10-ին կվերադառնա Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում։

NASA-ն նաև հրապարակել է Երկրի գիշերային լուսանկարներ, որտեղ երևում են մարդկության ստեղծած լուսային կետերը, ինչպես նաև համեմատական պատկեր՝ 1972 թվականին «Ապոլոն 17»-ի կողմից արված լուսանկարի հետ։

«Մենք երկար ճանապարհ ենք անցել վերջին տասնամյակներում, բայց մի բան չի փոխվել․ մեր տունը տիեզերքից շարունակում է հիասքանչ տեսք ունենալ», – նշել է NASA-ն։

Leave a Comment