Ստեփանյան․ Արցախցիների հանդեպ իշխանությունների քաղաքականությունը կոչվում է «մեղադրել զոհին»

Ստեփանյան․ Արցախցիների հանդեպ իշխանությունների քաղաքականությունը կոչվում է «մեղադրել զոհին»

3 ապրիլի 2026 – 18:11 AMT

PanARMENIAN.Net – Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «մեղադրել զոհին», հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Հայաստանում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսեվորումներին բախվել ենք բռնագաղթելու հենց առաջին իսկ օրերից»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ 2023 թվականին Արցախի կորուստից հետո Հայաստանի իշխանությունները փորձել են տարբեր ձևերով պատասխանատուներ գտնել տեղի ունեցածի համար։

«Այդ դրսևորումներից մեկն այն է, որ միջազգային տերմինաբանության մեջ կոչվում է «զոհին մեղադրելը» և սա շատ հաճախ է կիրառվում»,-ասել է Ստեփանյանը։

Նա ընդգծել է, որ Արցախը լքելու և փախչելու վերաբերյալ մեղադրանքներ են հնչել ինչպես ԱԺ նախագահի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Երբ ամբողջությամբ մերկացվեց այդ քարոզչության քաղաքականությունը՝ տեսանք, թե ովքեր են կանգնած դրանց հետևում։ Այն իրականացվում է պետական իշխանությունների կողմից՝ անթաքույց կերպով և տարածվում է իշխանական մեդիառեսուրսներով և նրանց սպասարկող կենծ և իրական օգտատերերի միջոցով»,-հայտարարել է Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ արցախցիներին վերագրվում է նաև «անշնորհակալ լինելու» ձևակերպումը, որը կրկին արձանագրվել է հիշյալ միջադեպի ընթացքում։

«Մեղադրելով արցախցիներին անշնորհակալ լինելու մեջ, թե հայաստանյան հանրությունը տարիներով աշխատել և պահել է արցախցիներին՝ փչվել է կեղծ մի փուչիկ։ Այն 30 տարի փչվել է և այսօր պայթում է՝ իր ճանապարհին թիրախավորելով բոլորին: Իշխանությունները փոխանակ պայքարեն ատելության տարածման դեմ՝ իրենք են դառնում դրա սնուցողը»,-ասել է Ստեփանյանը:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a Comment