Բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը կմեկնարկի ապրիլի 15-ից

«Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարվել է, որ բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների արդյունքներն արդեն ամփոփվել են, և շուտով կմեկնարկի հայտագրման գործընթացը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշել է, որ հայտագրման փուլը կսկսվի ապրիլի 15-ից և կտևի մինչև մայիսի 10-ը։ Նրա խոսքով՝ բոլոր դիմորդները պարտադիր պետք է հայտագրվեն՝ անկախ առաջին փուլի քննություններին մասնակցելուց և ստացած գնահատականներից։

«Առաջին փուլում դիմորդներն ընտրում էին միայն քննական առարկան։ Իսկ հայտագրման ընթացքում նրանք պետք է ընտրեն բուհը և մասնագիտությունը։ Եթե դա չանեն, դուրս կմնան մրցույթից»,-ընդգծել է Նասիբյանը։

Նա հիշեցրել է, որ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ դիմորդները, բարձր գնահատական ստանալով, չեն հայտագրվել և արդյունքում դուրս են մնացել մրցույթից։ Այդ պատճառով կենտրոնը կոչ է անում բոլոր շրջանավարտներին պարտադիր մասնակցել հայտագրմանը։ Անդրադառնալով քննություններին՝ Նասիբյանը նշել է, որ այս տարի գրանցվել է աննախադեպ մասնակցություն։ Ընդհանուր առմամբ դիմել է 12 447 աշակերտ, որոնցից կեսից ավելին մասնակցել է առաջին փուլի քննություններին։

Ամենապահանջված առարկան եղել է «Անգլերեն»-ը, որին հաջորդել են «Մաթեմատիկա»-ն և «Հայոց լեզու և հայ գրականություն»-ը։ Միջին գնահատականները կազմել են՝
• «Անգլերեն»՝ 11.4 (կրկնակի քննության ժամանակ՝ 10.9),
• «Մաթեմատիկա»՝ 10.9,
• «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 11.1։

Նշվել է նաև, որ քննությունների կազմակերպման ընթացքում որոշ դժվարություններ են առաջացել՝ կապված եղանակային պայմանների և ճանապարհների փակ լինելու հետ։ Մասնավորապես, Սիսիանի և հարակից համայնքների աշակերտների համար կազմակերպվել է լրացուցիչ քննություն։

Բացի այդ, անգլերենի թեստերում արձանագրվել է տպագրական խոտան, որի լուծման համար առաջարկվել են ինչպես տեղում, այնպես էլ հետագայում կազմակերպված լրացուցիչ քննություններ։

Նասիբյանը նշել է նաև, որ որոշ դիմորդներ փորձել են օգտվել hուշումներից, ինչի արդյունքում 36 աշակերտ հեռացվել է քննասենյակից։

Leave a Comment