3 ապրիլի 2026 – 13:50 AMT
PanARMENIAN.Net – Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվում է «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի կարողանա շարունակել դպրոցական կրթությունը՝ հաշվի առնելով նրա տարիքը և շահերը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ։
«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- հայտնել է Նավիկյանը։
18-ամյա Դավիթ Մինասյանը սովորում է ավագ դպրոցի 12-րդ դասարանում։ «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար, սակայն օրենքը թույլ է տալիս, որ չափահաս դարձած անձը մինչև 21 տարեկան մնա այնտեղ՝ դրական վարքագիծ դրսևորելու դեպքում։ Անչափահասների կրթությունը կազմակերպվում է հենց քրեակատարողական հիմնարկում։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ, եթե Դավիթի հետ մի բան պատահի, ամբողջ պատասխանատվությունը կրում են գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարը:
«Օրերս բանտում հայտնված 18 ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները պնդում են, որ նա ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Այսինքն նա չպետք է գտնվի բանտում
Հետևաբար նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք և ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս այսօր իր մասին խոսում էր երրորդ դեմքով , որպես պահպանյալի և շատ պատկերավոր բացատրեց, որ հանուն պահպանյալի կարող էին նույնիսկ կրակել։ Փաշինյանը ուղղակի զուգահեռներ տարավ պապլավոկում Պողոս Պողոսյանի սպանության դեպքի հետ և զարմացած հարցադրում արեց․«տարբերությունը չեք զգում»։ Եվ, իրոք մենք տարբերությունը չենք զգում, իսկ Նիկոլ Փաշին յանը զգում է։ Զգում է, որ Քոչարյանի հետ համեմատ ինքը կատարյալ է»,-ասվում է գրառման մեջ:
Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել միջադեպ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Դրանից հետո խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել են 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է երեք անձ։ Երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ բացակայելու արգելք և 5 մլն դրամ գրավ։ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։