Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am կայքում հանրային քննարկման դրված և Առողջապահության նախարարության կողմից մշակված «Առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակում հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վճարներ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանցից օրենսդրությամբ չնախատեսված վճարների գանձման դեպքերում այդ վճարների վերադարձի միասնական, հստակ և կանխատեսելի կարգավորման անհրաժեշտությամբ:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն նախագծի նպատակն է ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանությունը և օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձի իրավական մեխանիզմի հստակ կարգավորումը։
Նախագծով առաջարկվում է՝
ա. սահմանել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման հստակ և իրավաչափ հիմքերը․
- դատական ակտ,
- վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտ,
- վարչական մարմնի որոշում,
- առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման,
- ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի կողմից ընդունված որոշում,
- հաշտության համաձայնություն կամ կողմերի համաձայնություն,
բ. կարգավորել օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերադարձման պահանջի ներկայացման և բավարարման ընթացակարգը.
գ. ամրագրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների գործողությունները՝ օրենսդրությամբ չնախատեսված, սակայն գանձված վճարների հաշվարկման և վերադարձի մասով։
Ակնկալվող արդյունքը
Նախագիծը՝
ա. կբարձրացնի ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության մակարդակը.
բ․ կնվազեցնի վեճերի և դատական գործընթացների առաջացման հավանականությունը․
գ. կապահովի իրավական որոշակիություն և կանխատեսելիություն ապահովագրված անձանց, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ու դեղատների համար․
դ. կնպաստի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նկատմամբ հանրային վստահության աճին։
Բյուջետային ազդեցություն
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի մշակումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից: