Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվում է «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի չընդհատվի նրա կրթությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Ավելի վաղ Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ։
«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- հայտնել է Նավիկյանը։
18–ամյա Դավիթ Մինասյանը սովորում է Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի 12–րդ դասարանում։ «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար, սակայն օրենքը թույլ է տալիս, որ չափահաս դառնալուց հետո մինչև 21 տարեկան անձը մնա «Աբովյան» ՔԿՀ-ում, եթե դրսևորել է դրական վարքագիծ։ Անչափահասները դպրոցական կրթություն են ստանում հենց քրեակատարողական հիմնարկում։