Իրանի նախկին արտգործնախարար և ներկայիս փոխնախագահ Ջավադ Զարիֆը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ կոչ է անում Թեհրանին վերանայել իր մոտեցումները ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունում:
Ամերիկյան Foreign Affairs պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում նա կոչ է արել երկրի իշխանություններին հայտարարել հաղթանակի մասին և կնքել այնպիսի գործարք, որը վերջ կդնի ընթացիկ հակամարտությանը ու կկանխի հաջորդը։
Ըստ դիվանագետի՝ Իրանն այժմ գտնվում է մի կետում, որտեղ կարող է «հաղթանակ հայտարարել» և գնալ դիվանագիտական գործարքի, որը կկանխի հետագա էսկալացիան և կապահովի երկրի անվտանգությունը։
Զարիֆի առաջարկած ծրագրի հիմքում ընկած է այն միտքը, որ Իրանը պետք է խուսափի «հավերժական պատերազմի» թակարդից, որն ուժասպառ է անում երկրի ռեսուրսները: Նա առաջարկում է Թեհրանին օգտագործել իր ներկայիս ռազմավարական ձեռքբերումները՝ որպես լծակ՝ Վաշինգտոնի հետ նոր տիպի հարաբերություններ կառուցելու համար: Ըստ նախկին նախարարի՝ դա թույլ կտա ոչ միայն ավարտել ընթացիկ հակամարտությունը, այլև ստեղծել երաշխիքներ, որոնք կկանխեն ապագա հարձակումները Իրանի դեմ:
Դիվանագետը շեշտում է, որ իրական հաղթանակը ոչ թե թշնամու ամբողջական ոչնչացումն է, այլ այնպիսի կայուն տարածաշրջանային կարգի հաստատումը, որտեղ Իրանի շահերը ճանաչված և պաշտպանված կլինեն: Այս հոդվածը դիտվում է որպես կարևոր ազդակ Իրանի ներքին վերնախավին և արտաքին աշխարհին՝ պատրաստակամություն հայտնելով անցնելու առճակատումից դեպի պրագմատիկ դիվանագիտություն։
