Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները դիմել են ՀՀ իշխանություններին և միջազգային կառույցներին՝ առաջարկելով գերիների իրավունքների և անվտանգության պաշտպանության նպատակով գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը՝ այն վերապահելով Շվեյցարիային, հայտնել են գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի ղեկավարած «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնից»։
Նշենք, որ «հովանավոր տերություն» տերմինը վերաբերում է երրորդ երկրի, որը միջազգային իրավունքի շրջանակում հանդես է գալիս որպես միջնորդ և վերահսկող կողմ հակամարտության մեջ գտնվող կողմերի միջև։
Նրանք «Հովանավոր տերության» մեխանիզմը գործարկելու խնդրանքով նամակ են ուղարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին։
Հարազատները կոչ են արել Հայաստանի կառավարությանը պաշտոնապես դիմել Շվեյցարիային այդ դերը ստանձնելու հարցով, իսկ Շվեյցարիային՝ ընդունել այդ դերակատարությունը։ ԿԽՄԿ-ին հազարատները կոչ են արել աջակցել գործընթացին՝ որպես հնարավոր փոխարինող մեխանիզմ։
Նամակում նրանք նշել են, որ իրավիճակը հրատապ է, և հապաղումը կարող է խորացնել գերիների վիճակը։
«Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար։ Ապօրինի հանգամանքները, որի հետ առնչվում ենք, պահանջում են հենց այսպիսի բացառիկ միջոցներ, ինչպիսին «Հովանավոր տերության» ինստիտուտն է»,- հայտարարել են հարազատները։
Դիմումում ասվում է, որ ԿՄԽԿ գրասենյակի փակումը Ադրբեջանում էապես վատթարացրել է գերիների վիճակը՝ ընտանիքներին թողնելով անորոշության մեջ։ Հարզատները նշել են, որ առնվազն 19 հայ գերի պահվում է Բաքվում, իսկ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իրավական պաշտպանության վակուումի և բարձրացրել է վատ վերաբերմունքի ու բռնի անհետացման ռիսկերը։ Նամակում ընդգծվում է, որ Ադրբեջանում գերիների պահման պայմանները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաները։
Ադրբեջանում պաշտոնական տվյալներով՝ 19 հայ գերի կա։ Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ներկայացուցիչները, որոնց Բաքուն շինծու մեղադրանքերով դատապարտել էր փետրվարին։
