Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը մարտին լքած 4 անդամները՝ Ստեփան Աստուրեանը, Հարություն Գևորգյանը, Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը, տարածել են հայտարարություն։
«Անցած տարիների ընթացքում դոկտոր Գզոյանի աշխատանքի վերաբերյալ որեւէ բողոք չէինք լսել ո՛չ նախարարությունից, ո՛չ խորհրդի որեւէ անդամից, ո՛չ էլ ՀՑԹԻ-ի անձնակազմից։ Ընդհակառակը, Խորհուրդը դոկտոր Գզոյանի աշխատանքը գնահատում էր գերազանց»,- նշել են նրանք։
Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամները անհիմն են համարում պատճառաբանությունը, որ Գզոյանը պատշաճ կերպով չի վերահսկել հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները, քանի որ դրանց վերահսկողությունն ու կառավարումը նախարարության պատասխանատվությունն է։
Մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Էդիտա Գզոյանը իր ցուցումով է հրաժարականի դիմում գրել։ Այս որոշման պատճառը այն էր, որ Գզոյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից ՀՑԹԻ կատարած այցի ընթացքում նրան էր նվիրել հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող, 1905-1921 թվականներին հայ-թաթարական բախումների վերաբերյալ գիրք:
Փաշինյանը, հիմնավորելով իր որոշումը, այս արարքը որակել էր որպես կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ և սադրիչ գործողություն։
«Քանի որ նա որոշել էր, որ «Ղարաբաղյան շարժում» գոյություն չունի, Արցախի խնդրի վերաբերյալ գիրք նվիրելն անթույլատրելի էր»,- նշում են հայտարարության հեղինակները։ Նրանք շեշտում են, որ հրաժարականի նախնական հիմնավորումը «շեղող հնարք» էր։
Հետագայում ՔՊ-ական պատգամավորների բացատրությունները, որ խնդիրը ոչ թե բովանդակությունն էր այլ արարողակարգը, նրանք համարում են հանրության վատ արձագանքը մեղմելու միջոց։
Կրթության և գիտության նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի ուշ ասել էր, որ «շատ մանրամասն քննարկել են բոլոր հարցերը և ինքը սկզբից էլ հարցը բարձրացրել է կառավարման մասով»։
Հոգաբարձուների խորհուրդն ասում է, որ ոչ միայն երբևէ չի նկատել կառավարման նմանատիպ խնդիրներ, այլ նաև երբևէ չի տեղեկացվել դրանց գոյության մասին։
«Մեր տեսանկյունից այն, ինչ տեղի ունեցավ ՀՑԹԻ-ում, մի շարք մտահոգիչ հարցեր է առաջացնում.
Թանգարանի տնօրենից ազատվելու որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը՝ առանց հոգաբարձուների խորհրդի հետ որևէ խորհրդակցության։
Պաշտոնից ազատելը մեզ թվում է այն շղթայի մի մասը, որն ուղղված է պատմական փաստերը «վերաձևավորելուն» կամ «վերափաթեթավորելուն»՝ ծառայեցնելով դրանք քաղաքական նպատակահարմարությանը և սեփական իշխանության վերարտադրմանը։
Գիտնականներն ավարտում են հայտարարությունը՝ պնդելով, որ Էդիտա Գզոյանի հետ պատահածը և պատահածի եղանակը առաջացնում են ակադեմիական ազատության, մենատիրակալության հակումների և թանգարան-ինստիտուտի միջազգային հեղինակությունը վնասելու մասին հարցեր։