Անակնկալ հրաժարական է տվել ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը

ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջը հրաժարական է տվել, հաստատում են Պենտագոննց։ Ավելի վաղ մի շարք ամերիկյան ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ջորջի հեռանալը պահանջել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, գրում է BBC-ին։

Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շոն Փարնելը X սոցիալական ցանցում գրել է, որ Ջորջը «անմիջապես կանցնի թոշակի՝ ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի 41-րդ պետի իր պաշտոնից»։

Սովորաբար ԱՄՆ բանակի շտաբի պետերը պաշտոնավարում են չորս տարի։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Ջորջին նշանակել էր 2023 թվականին։

Շտաբի պետի փոփոխությունը բավականին անսովոր է վերջին տարիներին ամերիկյան զինված ուժերի ամենախոշոր ռազմական գործողություններից մեկի ժամանակ, երբ ԱՄՆ-ը Իսրայելի հետ միասին պատերազմ է վարում Իրանի դեմ։

61-ամյա Ջորջը կադրային սպա է եւ ավարտել է ԱՄՆ ամենահեղինակավոր ռազմական ուսումնական հաստատությունը՝ Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիան։ Նա մասնակցել է Պարսից ծոցի առաջին պատերազմին, ինչպես նաեւ Իրաքում եւ Աֆղանստանում հակամարտություններին։

Նրա հեռանալու պատճառների մասին պաշտոնապես չի հաղորդվում։ «Մենք շնորհակալ ենք նրան ծառայության համար, բայց ժամանակն է փոխել բանակի ղեկավարությունը», CBS News-ին ասել է Պենտագոնի անանուն ներկայացուցիչը։

Ջորջի փոխարեն շտաբի պետի պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի գեներալ Քրիստոֆեր Լա Նիվը։

CBS News-ը հայտնում է, որ Ջորջի հետ միասին ազատվել են եւս երկու բարձրաստիճան սպաներ՝  գեներալ Դեւիդ Հոդնեն, որը ղեկավարում էր բանակի վերափոխման եւ ուսուցման հրամանատարությունը, եւ գեներալ-մայոր Ուիլյամ Գրինը՝ գնդերեցների կորպուսի ղեկավարը։

Leave a Comment