Պուտինը շատ բաց ակնարկեց ամենատհաճ խնդիրը Փաշինյանի համար. Սուրեն Սուրենյանց

Նիկոլ Փաշինյանը, թերևս, հասկացել է, որ ժամանակից շուտ է «հաշիվներից հանել» Ռուսաստանի գործոնը Հայաստանի քաղաքական պրոցեսներում և շտապել է Մոսկվա՝ իր իշխանությունն ապահովագրելու նպատակով։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման թեմայի շուրջ։

«Առաջիկայում ընտրություններ են, և Նիկոլ Փաշինյանը կուզենար ապահովագրել իրեն Մոսկվայից եկող հնարավոր ռիսկերից, բայց իմ կարծիքով՝ շատ ավելի գլոբալ պատճառ կա, դա այն է, որ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն անվտանգային որոշակի վակուում են առաջացրել տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանի շուրջ, որովհետև իրանական պատերազմի մի քանի՝ ամենահավանական զարգացումների պարագայում ԹՐԻՓՓ-ը կորցնում է իր հեռանկարայնությունը՝ դառնում է շատ մշուշոտ, իսկ, այսպես կոչված՝ խաղաղության ամբողջ փիլիսոփայությունը Նիկոլ Փաշինյանը կառուցել էր հենց ԹՐԻՓՓ-ի վրա։

Նա թերևս գիտակցել է, որ ժամանակից շուտ էր «դուրս գրել» Ռուսաստանին, և շտապել է Մոսկվա՝ ինչ-որ խնդիրներ ճշգրտելու, իր իշխանությունն ապահովագրելու նպատակով։ Ես ավելի արժանահավատ եմ համարում հատկապես վերջին վարկածը։ Այլ խոսքերով՝ նա հասկացել է, որ իր ամբողջ պրոպագանդան, իր միֆերն ու լեգենդները խաղաղության մասին փլուզման եզրին են, իսկ այս պարագայում Ռուսաստանի գործոնը կարող է հատկապես կարևոր լինել»,- կարծում է Սուրեն Սուրենյանցը։

Նրան ամենևին չի զարմացնում երեկ Կրեմլում տեսախցիկների առաջ տեղի ունեցած խոսակցության բովանդակությունն ու այն հանգամանքը, որ Ռուսաստանի նախագահն անգամ բանակցությունների հրապարակային հատվածում էր բաց տեքստով խոսում շատ ու շատ հարցերի մասին, մասնավորապես՝ ակնարկում իր դժգոհությունը Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների, ՌԴ քաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանի անազատության կապակցությամբ, ՀԱՊԿ-ի հասցեին դժգոհությունների առնչությամբ հիշեցնում էր Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը, կամ, այսպես ասած՝ «երեսով էր տալիս» ռուսական գազի համեմատաբար ցածր գները, հայ-ռուսական առևտրաշրջանառության ծավալները, Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից և այլն։

Քաղաքագետի խոսքով՝ ի վերջո, եկել է ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանը պիտի բախվի իր արկածախնդրության հետևանքների հետ։

«Բա ասում էինք, որ անվերջ չի կարելի բոլոր ձվերը մի զամբյուղում տեղադրել, այս դեպքում՝ արևմտյան, և ակնկալել, որ դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Այո՛, երեկվա հանդիպումը նույնիսկ հրապարակային մասում շատ բաց էր ու երևի շատերի համար՝ անակնկալ, որովհետև բաց խոսում էին թեմաների մասին, որոնք ամբողջացնում են հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը։ Շատ ուղիղ խոսենք։ Այո՛, կար «կենացային դիվանագիտության» մի փոքր բաղադրիչ, և երկուստեք կարևորվում էին հայ-ռուսական խորքային հարաբերությունները, բայց այդ «կենացային դիվանագիտության» կողքին և ավելի ցցուն խոսվում էր շատ բաց, շատ հրապարակային ձևով այն խնդիրների մասին, որ կան։ Ի՞նչ էր Պուտինն ասում, և դա, թերևս, ամենատհաճն էր Փաշինյանի համար, որովհետև բացահայտում էր Փաշինյանի քաղաքականության սնանկությունը։

Նա նկարագրում էր Հայաստանի տնտեսության մեծ կախվածությունը Ռուսաստանից, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ առևտրից և էներգակիրներից։ Պուտինն արդարացիորեն ասում էր, որ ՌԴ-ն գազը եվրոպական երկրներին վաճառում է 1000 խմ-ն 600 դոլարով, իսկ Հայաստանի պարագայում գինը 177.5 դոլար է։

Քանի՞ անգամ ենք ես կամ իմ այլ գործընկերներ եթերներում ասել, որ էս արկածախնդրությունը գին է ունենալու, այսինքն՝ Ռուսաստանի նախագահը շատ պարզ ակնարկում էր, որ եթե, օրինակ, Ռուսաստանը բարեկամական վերաբերմունքից անդին՝ շուկայական մեխանիզմներով որոշի հարաբերվել Հայաստանի հետ, ի դեպ, այսօր Օվերչուկը նման մի բան ասել է, քանի՞ րոպե այդ դեպքում կդիմանա Հայաստանի տնտեսությունը։

Ես չեմ ասում՝ գազի գինը հասնի 600 դոլարի, պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ 250-300 դոլար լինի՝ այսօրվա 177.5-ի փոխարեն՝ ինչպիսի կոլապսի կենթարկվի Հայաստանի տնտեսությունը։ Ռուսաստանն ակնհայտորեն հասկացնում է, որ ունի գործիքակազմ Հայաստանի քաղաքականության վրա ազդելու՝ իհարկե, դիվանագիտորեն նկատելով, որ Հայաստանի իրավունքն է՝ ընտրություն կատարել»,- ասում է Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 31-ին, Մոսկվայում՝ Կրեմլում, տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահի բանակցությունները։ Հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինն իր խոսքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին, որոնք Պուտինի ներկայացրած տվյալներով՝ 2025 թվականին կազմել են 6,4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2024-ին՝ 11 մլրդ դոլար, Հայաստանին վաճառվող գազի գնին, ԵԱՏՄ-ԵՄ անդամակցության անհամատեղելիությանը, ՀԱՊԿ-ին ու Արցախի հարցին և ներքաղաքական գործընթացներին Հայաստանում և առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունններին։ Կրեմլի ղեկավարն ակնարկել է ՌԴ քաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանի ազատազրկման մասին և հույս է հայտնել, որ Հայաստանի ռուսամետ տրամադրվածություն ունեցող բոլոր քաղաքական կուսակցությունները կկարողանան մասնակցել ընտրություններին։ Փաշինյանն իր հերթին՝ պատասխանել է, որ «մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան», և, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Leave a Comment