Ակնհայտ է, որ այն «նախկին-ներկա» դիսկուրսը, որի վրա Նիկոլ Փաշինյանը շուրջ ութ տարի պահել ու ամրապնդել է իր իշխանությունը, այս ընտրական փուլում էականորեն թուլացել է։
Որքան էլ իշխանական քարոզիչները փորձեն նախկին նախագահներից սարքել ընդդիմության կենտրոն, ակնհայտ է, որ նրանք այս ընտրափուլի ընդդիմության հիմնական դերակատարները չեն։ Իսկ գլխավոր ընդդիմադիր Սամվել Կարապետյանին դասական «նախկին թալանչիի» կերպարի մեջ տեղավորելը ևս լիարժեք չի աշխատում։
Բնականաբար, Կարապետյանի կողքին այսօր բազմաթիվ նախկիններ կան, սակայն դա ինքնին բավարար չէ նրան նույն հարթության վրա դնելու համար, ինչպես նախկին հանրապետականներ Գևորգ Պապոյանի ու Շիրակ Թորոսյանի ներկայությունը ՔՊ-ում ՔՊ-ն ՀՀԿ չի դարձնում։
Ռուսաստանի նախագահի հրապարակային հայտարարությունը՝ Հայաստանում բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ակնարկվող ռուսամետ դերակատարների, ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, միգուցե տասը տարի առաջ տեսականորեն կարող էր աշխատել այդ ուժերի օգտին, բայց Արցախի կորստից հետո Հայաստանի քաղաքական տրամաբանությունը վաղուց այլ է։
Եթե տարիներ առաջ Վլադիմիր Վլադիմիրովիչի որևէ աջակցություն կամ շնորհավորանք հայաստանյան քաղաքական գործչի համար ահռելի քաղաքական կապիտալ էր, ապա այսօր ռուսամետ լինելու պիտակը ավելի շուտ բեռ է, քան առավելություն։
Ավելին, այդ հայտարարությունն հստակ ամրագրեց Սամվել Կարապետյանի քաղաքական դիրքավորումը՝ որպես ռուսամետ ուժի ներկայացուցիչ՝ փլուզելով այն «բալանսավորվածության», «երաշխավորների» և «ոչ մեկի նախագիծը չլինելու» մասին պատմությունը, որը ամիսներ շարունակ կառուցվում էր Կարապետյանների և նրանց արհեստական բանականության կողմից։
Հատկանշական է, որ «Ուժեղ Հայաստանի» խոսույթին հակադարձեց ոչ թե Կոնջորյանը կամ Ռուբինյանը և ոչ էլ ՔՊ-ամերձ լրատվամիջոցները, այլ հենց Պուտինը՝ հրապարակային ելույթով, Կրեմլի դահլիճում, տեսախցիկների առաջ։
Ու, բնականաբար, այս հանդիպման շահառուն Սամվել Կարապետյանը չէր։ Ավելի ճիշտ՝ շահառուն ընդհանրապես նա չէր, այլ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ստացավ այն, ինչ իրեն քաղաքական դաշտում վաղուց էր պետք՝ մանավանդ Եկեղեցու դեմ չհաջողված գործընթացներից հետո․
Մոսկվայում, Պուտինի ներկայությամբ, գրեթե բաց լեզվակռվի մեջ մտնելու, հակադարձելու, Հայաստանի Սահմանադրությանը հղում անելու և ինքնիշխանության մասին խոսելու հնարավորություն։ Ներքին լսարանի համար սա բոլորովին այլ կշիռ ունի, քան նույն միտքը Կառավարության նիստում կամ Ազգային ժողովում հնչեցնելը։
Այսպիսով ակնհայտ է, որ այս հանդիպումը, որին ձեռքերը շփելով անհամբերությամբ սպասում էին մի շարք ընդդիմադիր ուժեր՝ ակնկալելով ընդդիմադիր բևեռի ինչ-որ դրական ազդեցություններ, ամբողջությամբ աշխատեց Փաշինյանի օգտին՝ դառնալով նախընտրական իդեալական նվեր։
Եթե նախկինում նրա դիրքերի վերականգնմանը նպաստում էր «նախկինների վերադարձի» վախը, ապա այսօր այդ նույն ֆունկցիան ստանձնել է նոր հակադրությունը՝ Ռուսաստանը, ռուսական ազդեցությունը, Մոսկվայի միջամտությունը։
Փաշինյանը այս հանդիպումից ստացավ ուժեղ ղեկավարի կերպար՝ մարդ, որը հրապարակավ հակադարձում է Պուտինին, խոսեց ինքնիշխանությունից և ժողովրդավարությունից, Ռուսաստանում ամբողջովին վերահսկվող և Հայաստանում 100 տոկոս ազատ սոցիալական ցանցերից և ընտրություններից, իսկ քաղաքականության մեջ նման պատկերները հաճախ ավելի կարևոր են, քան դրանց բովանդակությունը։
Ինչո՞ւ:
Չնայած Ռուսաստանի հասցեին հնչող կոշտ հայտարարություններին և հիբրիդային պատերազմի մասին խոսակցություններին՝ իշխանությունը գործնականում դուրս չի եկել ո՛չ ԵԱՏՄ-ից, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի դեմ որևէ իրական քայլ չի ձեռնարկել։
Սամվել Կարապետյանը, իր հերթին, չստացավ գրեթե ոչինչ՝ բացի ռուսամետ գործչի կիսապաշտոնական տիտղոսից, որը 2026 թվականի Հայաստանի ընտրություններից առաջ ավելի շատ վնաս տվեց նրան, քան օգուտ, մանավանդ որ ռուսամետների սիրելի և պաշտելի Պուտինին Փաշինյանը հենց Կրեմլում այդպես շռնդալից «տեղը դրեց»։
Մարի Ներսեսյան
MediaLab.am