«Դա իմ աշխատանքը չէ». Փաշինյանը՝ ՊՊԾ աշխատակցի կողմից երիտասարդին հարվածելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՊՊԾ աշխատակցի՝ 18-ամյա Դավիթ Մինասյանին եկեղեում հարվածելու դեպքին՝ պարզաբանելով, որ նման իրավիճակներում անվտանգության աշխատողը լիազորություն ունի ուժ գործադրելու՝ իր պահպանյալին սպառնացող վտանգի դեպքում:

«Աշխատակիցը կարող է ուժ գործադրել, նույնիսկ զենք օգտագործել՝ համապատասխան իրավիճակներում, քանի որ այդպիսի գործողությունները կապված են ծառայության պարտականությունների հետ: Եթե այդպիսի գործողություն չարվի, ապա ՊՊԾ աշխատողի դեմ քրեական գործ կարող է հարուցվել ծառայությունը չկատարելու համար»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՊՊԾ աշխատակիցը չի կարող հաշվի առնել, թե անձը 18 տարեկան է, թե առողջական խնդիրներ ունի, քանի որ նրա հիմնական գործառույթը պահպանության ապահովումն է։

Վարչապետը նաև շեշտել է, որ չի հանդուրժի որևէ ծառայության՝ լինի դա ոստիկանություն, ՊՊԾ, բանակ կամ Ազգային անվտանգության ծառայություն, ծառայողական պարտականությունների անտեսումը:

Փաշինյանը հավելել է, որ նման երևույթները գնահատելն իր աշխատանքը չէ, և որ այդ ծառայություններն ստեղծվել են միայն մեկ նպատակով՝ իրենց պարտականությունները պատշաճ կատարելու համար։ 

Եկեղեցու բակից մարտի 29-ին 3 քաղաքացու էին ձերբակալել՝ պատարագի ընթացքում Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել:  Մինասյանն այսօր 2 ամսով կալանավորվել էր։

Եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ նրանք 18 տարեկան են, աշակերտներ են, իսկ ձերբակալված երրորդ անձը նրանց հետ առնչություն չունի: Երրորդ ձերբակալվածը «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանն է, որը նույնպես ներկա էր պատարագին։ Բացի այդ, ըստ փաստաբանի, եղբայրներն անազատության մեջ չեն կարող գտնվել առողջական խնդիրների պատճառով:

 

Leave a Comment