ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան կատարած այցը գնահատել է «շատ հաջող»։ Նա այս մասին հայտարարել է կառավարության ապրիլի 2-ի նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։
«Մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ մանրամասն քննարկվել է երկաթուղու հարցը, որտեղ կողմերն արտահայտել են իրենց տեսակետները։
«Մեր խնդիրն ընդամենը ձևակերպված է մի նախադասության մեջ, որ ՀՀ-ն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանն իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա»,- պարզաբանել է վարչապետը։
Նա հայտարարել է, որ բարձր է գնահատում ՌԴ-ի հետ բարեամական հարաբերությունները և չի ցանկանում վնաս հասցնել նրա շահերին։
«Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելությունները օգտագործելու հնարավորություն չի տալիս, և մենք իրար հետ պետք է մտածենք՝ ինչ լուծում ենք գտնում»,- շեշտել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ քննարկումները երկաթուղու շուրջ դեռ շարունակվում են ու, թեև ՀՀ-ն ունի պայմանագիրը ՌԴ-ի հետ խզելու միակողմանի հնարավորություն, սակայն նման սցենար չի նախատեսում։
«Ոչ մի բան չի տապալվել, մենք շարունակում ենք քննարկումները, ինչ վերաբերվում է պայմանագրի խզմանը, այդ լծակը ՀՀ-ն ունի, բայց մենք չենք պլանավորում և չենք ուզում գնալ այդպիսի ճանապարհով։ Քանի դեռ քննարկումները շարունակվում են, ես համաձայնության կամ անհամաձայնության մասին խոսելու պատեհություն չեմ տեսնում»,- նշել է նա։
Փետրվարին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն առաջարկել է ռուսական կողմին դիտարկել կոնցեսիան բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին և Կատարին վաճառելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ՝ նա նշել էր, որ ռուսական կոնցեսիան Հայաստանի համար ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ»:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի հնարավոր վաճառքը կարող է հանգեցնել ռուսական բեռների կորստին և «Ռուսական երկաթուղիների» հետ փոխգործակցության դադարեցմանը, ինչպես նաև զգուշացրել է դրա հետ կապված ռիսկերի մասին:
