Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ շնորհավորելով վերջինիս դեպի Լուսին ուղևորվող «Արտեմիս-2» մարդատար առաքելության հաջող մեկնարկի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Կանադայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
«Արտեմիս-2» առաքելության կազմում ընդգրկված են չորս աստրոնավտ՝ երեքը Միացյալ Նահանգներից (Ռիդ Ուայզմանը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը), մեկը՝ Կանադայից (Ջերեմի Հանսենը)։
Վիկտոր Գլովերը դարձել է առաջին աֆրոամերիկացին, իսկ Քրիստինա Կոխը՝ առաջին կինը, ով մասնակցում է մարդատար լուսնային առաքելությանը։ Առաքելության տևողությունը նախատեսված է շուրջ 10 օր․ տիեզերագնացները պետք է պտտվեն Լուսնի շուրջ և վերադառնան Երկիր։
«Առաջնորդները քննարկեցին տիեզերագնացների, այդ թվում՝ գնդապետ Ջերեմի Հանսենի քաջությունը, տիեզերքում համագործակցության կարևորությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հակամարտության շուրջ զարգացումները»,- ասվում է Կանադայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
«Արտեմիս-2»-ը ԱՄՆ նոր լուսնային ծրագրի երկրորդ փուլն է։ Առաջին փուլը՝ «Արտեմիս-1»-ը, իրականացվել էր 2022 թվականին անօդաչու ռեժիմով։